Կաթվածահար անող ատրճանակներ Նյու–Յորքում

Նյու-Յորքի ոստիկանությունը հայտարարել է, որ «ավելի մարդասեր»՝ կաթվածահար անող էլեկտրական ատրճանակներով է վերազինում ճանապարհային իր պարեկներին՝ կրճատելու համար մահացու ելքերը՝ հրազենի անհիմն օգտագործման դեպքում։

Որոշումն ընդունվել է հայտնի սկանդալային դեպքերից հետո, երբ 2006 թ.-ին ոստիկանները 50 գնդակ բացեցին անզեն սևամորթ Շոն Բելի ուղղությամբ՝ նրա հարսանիքի նախօրեին (վերջերս դատարանն արդարացրեց նրանց՝ առաջացնելով սևամորթների միությունների բողոքը), իսկ անցյալ տարի գնդակահարել են հոգեկան անկայուն վիճակում գտնվող մի մարդու՝ զենքի տեղ դնելով նրա ձեռքում եղած սանրը։

Իրավապաշտպանները պնդում են, որ կաթվածահար անող «մարդասեր» ատրճանակն այնքան էլ անվտանգ չէ. դրա կիրառումից աշխարհում մահացել է շուրջ 300 մարդ։ Իսկ ՄԱԿ-ը նման ատրճանակի կիրառումը ճանաչել է՝ որպես «կտտանքի ձև»։ 50 հազ. վոլտ լիցք ունեցող նոր ատրճանակն ի զորու է ծակել հագուստը՝ 4 սմ խորությամբ։ Իսկ Նյու–Յորքում սովորական ատրճանակը ևս չի հանվի ոստիկանների զինանոցից։