Մեկ գործ կարճվել է, մեկ մարդ՝ կալանավորվել

Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի քրեական գործը կարճվել է, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, հայտարարել է Սուրենյանցի փաստաբան Հովիկ Արսենյանը։

ՀՀ գլխավոր դատախազության հատուկ կարեւորության գործերով քննիչ Գեւորգյանը Հովիկ Արսենյանին ասել է, որ Սուրեն Սուրենյանցի վերաբերյալ քրեական գործի մասը կարճվում է ապացույցների անբավարարության, ինչպես նաեւ իրադրության փոփոխության պատճառաբանությամբ: Ըստ փաստաբանի, իրադրության փոփոխության պատճառաբանությունը վերաբերում է 225 պրիմ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերին, որ Սուրեն Սուրենյանցը 2008 թվականի փետրվարի 24-ին եւ 25-ին Ազատության հրապարակում վարել է հանրահավաքներ։

Իսկ ահա ՀՀ գլխավոր դատախազության տվյալներով «ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է Երևան քաղաքում սպանություններով, բռնություններով, ջարդերով, հրկիզումներով զուգորդված զանգվածային անկարգությունների, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություններ գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հատուկ քննչական ծառայության եւ ոստիկանության համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է Երևանի քաղաքապետարանի հարակից տարածում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանների, նրանց թվում ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի պետ Գրիշա Այվազյանի նկատմամբ գործադրված բռնության մասնակիցներից ոմանց ինքնությունը, ոստիկանին ամրակցված ծառայական ատրճանակի հափշտակման հանգամանքները:

Ձեռք բերված ապացույցների համաձայն` Գրիշա Այվազյանի նկատմամբ բռնությունների գործադրմանը անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Երեւանի բնակիչ Արա Հովհաննիսյանը, ով միաժամանակ հափշտակել է ոստիկանին ամրակցված զենքը` «Մակարով» տեսակի ատրճանակը` 8-ական փամփուշտով լիցքավորված 2 պահունակի հետ միասին:2008թ. հունիսի 7-ին Արա Հովհաննիսյանը ձերբակալվել է: Նույն օրը նա խոստովանել է, որ դեպքից անմիջապես հետո, ատրճանակի հետքերը կորցնելու նպատակով այն գցել է «Սեւան-Հրազդան-Արարատ» ջրատարը` «Հաղթանակ» կամուրջի հարեւանությամբ: Արա Հովհաննիսյանի մատնանշած տարածքում կատարված տեղազննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակն ու 2 պահունակները` լիցքավորված 8- ական փամփուշտներով:

Հունիսի 10-ին Ա.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: