NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ձերբակալվել է Սամվել Գեւորգյանը
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման խոսնակ Արման Մուսինյանը հայտարարել է, որ այսօր ձերբակալվել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, նախկին պատգամավոր, Հեռուստապետկոմի նախկին ղեկավար Սամվել Գեւորգյանը:
Առայժմ հայտնի չէ, թե ինչու է ձերբակալվել Սամվել Գեւորգյանը։
Սամվել Գեւորգյանի ձերբակալության առթիվ հայտարարություն է տարածել համաժողովրդական շարժման կենտրոնը.
«Հունիսի 10-ին ձերբակալվել է Ղարաբաղ կոմիտեի անդամ, 1990-1995թթ. ՀՀ Գերագույն խորհրդի եւ 1995-1999թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Հեռուստատեսության և Ռադիոյի պետական կոմիտեի նախկին նախագահ, 2008թ. նախագահական ընտրություններում Գեղարքունիքի մարզում Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի լիազոր-պատասխանատու Սամվել Գեւորգյանը: Նույն օրը դատախազություն է հրավիրվել եւ շինծու մեղադրանք ներկայացվել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, Մալաթիա-Սեբաստիա համայնքում նախընտրական շտաբի պետի տեղակալ Բագրատ Անդրեասյանին: Ռեժիմն այսպիսով ավելորդ անգամ ցույց է տալիս, որ դատարկ ու կեղծ են իրավիճակի լիցքաթափմանն ու կարգավորմանն ուղղված իր բոլոր հավաստիացումները: Այս ձերբակալություններով նոր մարտահրավեր է նետվում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովին, որը երկու շաբաթ հետո քննարկելու է 1609 բանաձեւի պահանջների կատարման արդյունքները: Բանաձեւի առաջնահերթ` քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու պահանջը ոչ միայն չի կատարվում, այլեւ նույն քաղաքական շարժառիթներով կատարվում են նոր ձերբակալություններ եւ հետապնդումներ:
Համաժողովրդական շարժման կենտրոնը հայտարարում է, որ իշխանության նման հակաօրինական եւ լկտի պահվածքը միայն խորացնում է առանց այդ էլ լարված վիճակը երկրում եւ ավելի բարդացնում քաղաքական ճգնաժամի կարգավորման հեռանկարները»:
