Մեր օմբուդսմենին չեն հրավիրել

Հունիսի 18-19-ը Բաքվում անցկացվելու է օմբուդսմենների միջազգային 6-րդ կոնֆերանսը, որին մասնակցելու հրավեր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը չի ստացել: Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելիք կոնֆերանսին մասնակցելու են Եվրամիության մարդու իրավունքների հանձնակատարը, Եվրոպայի եւ ԱՊՀ-ի մի շարք երկրների օմբուդսմեններ։

Այս առթիվ Արմեն Հարությունյանը հայտարարել է, որ «Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը միակ օմբուդսմենն է, որի հետ համագործակցություն չի լինում։ Ընդ որում` միակողմանի չի լինում, որովհետեւ երբ մենք նմանատիպ միջոցառում ձեռնարկել էինք անցած տարի Երեւանում, եւ մոտ 40 երկրների օմբուդսմեններ էին եկել, ես Ադրբեջանի օմբուդսմենին հրավիրել էի, բայց նա չէր եկել»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ գոնե օմբուդսմենների մակարդակով պետք է քաղաքականությունը մի կողմ դնել, բայց կարծես թե Ադրբեջանի օմբուդսմենը նույն քաղաքականությունն է վարում, ինչ Ադրբեջանի մնացած պաշտոնյաները:

Արմեն Հարությունյանը ենթադրում է, որ Բաքվում կայանալիք կոնֆերանսին «Ադրբեջանի օմբուդսմենը մեկ անգամ եւս Ադրբեջանի մարդու իրավունքների հիմնական պրոբլեմը կներկայացնի` կապված ղարաբաղյան խնդիրների հետ: Նույն խնդիրներն էլ մենք ունենք` ե’ւ փախստականների, ե’ւ կորած անձանց եւ այլն, այդ խնդիրները մենք բարձրացնում ենք: Բայց ես` որպես օմբուդսմեն, երբեք դա քաղաքական կոնտեքստով չեմ բարձրացնում, այլ համամարդկային արժեքների կոնտեքստով եմ բարձրացնում»։