Խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի

ԵԱՀԿ-ի հաղորդագրության համաձայն, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի օրը Հելսինկիում ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբին են ներկայացրել վերջին զարգացումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հատկապես անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` անցած շաբաթավերջին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը: Ալեքսանդր Ստուբը իր լիակատար աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին:

«ԵԱՀԿ-ի տարածաշրջանում հակամարտությունների կարգավորումը ֆիննական նախագահության առաջնայնություններից է», - վստահեցրել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը` Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ անելով «առավելագույնս օգտվել Մինսկի խմբի համանախագահների օժանդակությունից եւ լրջորեն դիտարկել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին վերաբերող առաջարկը: Հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա». - ամփոփել է Ալեքսանդր Ստուբը: