NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Օրինակը ուրիշ ինչպես է լինում
Ազգային Ժողովում հունիսի 4-ին տեղի են ունեցել լսումներ, Հեռուստատեսության եւ Ռադիոյի մասին օրենքի փոփոխությունների հայեցակարգի եւ դրա համար շահագրգիռ կողմերի կարծքիներին ծանոթանալու ու առաջարկություններն ընդունելու նպատակով: Լսումների հիմնական զեկուցողն են եղել Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալիկ Հարությունյանը եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը:
Թե Ալիկ Հարությունյանը, թե Գրիգոր Ամալյանը խոսել են իրենց կառույցների անկախության աստիճանի բարձրացման ուղղությամբ քայլեր կատարելու անհրաժեշտության մասին: Այդ կապակցությամբ, Գրիգոր Ամալյանին հարց են ուղղել Ժառանգության պատգամավորները, ասելով, թե արդյոք դա չի նշանակում, որ նա ընդունում է իր հանձնաժողովի ներկայիս անկախության բացակայությունը: Գրիգոր Ամալյանը դա չի ընդունել: Իսկ պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հարցին, թե ինչու մինչեւ այժմ հանձնաժողովը, որ կոչված է կարգավորել հեռարձակող ԶԼՄ-ների դաշտը, չի պատժել որեւէ հեռուստաընկերության, այն դեպքում, երբ հեռուստաընկերությունները թույլ են տվել բազմաթիվ խախտումներ, Գրիգոր Ամալյանը նախ պատասխանել է, թե թեմայից դուրս հարցի չի պատասխանի, հետո նշել, թե թող բերեն կոնկրետ օրինակներ:
Այդ պահին կոնկրետ օրինակ է ներկայացրել Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, ով ասել է, թե օրենքը արգելում է, որպեսզի հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումները ընդհատվեն հովանավորների մասին հիշեցումներով եւ պահանջում է, որ այդ հիշեցումները լինեն հաղորդման սկզբում եւ վերջում, ու չտեւեն ավելի, քան մեկ րոպե: Մինչդեռ, նշել է Մեսրոպ Հարությունյանը, բոլոր հեռուստաընկերությունները, այդ թվում եւ հանրայինը, խախտում են օրենքը եւ հովանավորների անուն տալիս հաղորդման որ պահին պատահի, ինչպես նաեւ այդ պահին գովազդում նրանց արտադրանքը, ինչը արգելված է օրենքով: Ինչու հանձնաժողովը չի պատժել այդ խախտման համար որեւէ հեռուստաընկերության, հարցրել է Մեսրոպ Հարությունյանը, որին ի պատասխան Գրիգոր Ամալյանը միայն կրկնել է կոնկրետ օրինակ ներկայացնելու խոսքը։
