NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայտարարություն-1
ՀՀ ԵԿՄ Շիրակի մարզի Գյումրու բաժանմունքի ազատամարտիկները եւ մի շարք քաղաքացիներ այսօր միանգամից երեք հայտարարություն են տարածել:
ՀՀ Երեւանի քրեական դատարանի դատավոր տկն. Կ.Ղազարյանին
Մենք` Շիրակի մարզի Գյումրիի քաղաքացիներս եւ ազատամարտիկներս, մտահոգ ենք մեր օրինապահ ու հայրենասեր մարտական ընկերոջ նկատմամբ հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվում են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, որը, սակայն, հերքվեց 2008 թվի մայիսի 23-ին դատակոչի ենթակա 9 վկաներից 8-ի դատարանում տրված ցուցմունքներով. նրանք հերքեցին Գեւորգ Ռաֆիկի Ղազարյանի մասնակցությունը մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերին, առավելեւս` զանգվածային անկարգությունների կազմակերպմանը: Վկաները նշեցին, որ նախաքննության ընթացքում քննիչը, թելադրելով ուղղորդել եւ 225 հոդվածի 1-ին մասին համապատասխան ցուցմունքներ է կորզել, ինչը չի համապատասխանում ՀՀ քրեական դատարանի օրենսգրքի վկային հարցաքննելու մասին համապատասխան հոդվածներին:
Ուստի, ելնելով վերը շարադրվածից պահանջում եւ միջնորդում ենք ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ քրեական դատարանի օրենսգրքի համապատասխան հոդվածներով, փոխել Գեւորգ Ղազարյանի խափանման միջոցը, կոչ ենք անում Ձեզ անսալ ՀՀ Սահմանադրության մարդու իրավունքների եւ Եվրոպայի միջազգային օրենքների պահանջներին, արդարացի եւ անաչառ մոտեցում ցուցաբերել հայրենիքի նվիրյալ ազատամարտիկի նկատմամբ, այլապես, մենք` 51 ՀՀ քաղաքացիներ եւ ազատամարտիկներս 2008 թվի մայիսի 27-ին ժամը 18:00-ից հայտարարում ենք 24-ժամյա նախազգուշական հացադուլ:
Ավելորդ չենք համարում նախազգուշացնել Ձեզ, որ մեր օրինական պահանջը չբավարարելու դեպքում, նախազգուշական ակցիան կվերածվի մասսայական, անժամկետ հացադուլի եւ նույնիսկ ջրադուլի:
Ի նկատի ունեցեք, որ հացադուլավորների մեջ կան 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամ ազատամարտիկներ, ծերեր եւ կանայք, ուստի անկանխատեսելի հետեւանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է Ձեր վրա:
ՀՀ ԵԿՄ Շիրակի մարզի Գյումրու բաժանմունքի ազատամարտիկներ եւ մի շարք քաղաքացիներ
