NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բաց նամակ Ժիրայր Սեֆիլյանի մասին
Մի խումբ հայտնի գործիչներ Ժիրայր Սեֆիլյանի մասին բաց նամակ են հղել: Նամակում ասվում է.
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին
ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին
ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեվիսին
ՀՀ-ում Լիբանանի դեսպանին
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Human Rights Watch
2006թ. դեկտեմբերի 9-ից Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սէֆիլյանը, ով շուրջ 17 տարի ապրում է Հայաստանի Հանրապետությունում, գտնվում է կալանքի տակ` իշխանությունների քաղաքական հետապնդման արդյունքում: 2008 թ. հունիսի 9-ին լրանում է նրա ազատազրկման ժամկետը: Ժիրայր Սէֆիլյանը երեք անգամ դիմել է Հայաստանի իշխանություններին` իրեն ՀՀ քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով: Սակայն այդ խնդրանքը անհիմն մերժվել է: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող են ստանալ օրենքի հիման վրա` պարզեցված կարգով: Մինչդեռ հայտնի ազատամարտիկի նկատմամբ սույն օրենքը ապօրինաբար չի կիրառվել:
Սկսած 2008թ. ապրիլից` զանգվածային լրատվամիջոցները լուրեր են տարածում, թե իշխանությունները պատրաստվում են Ժիրայր Սէֆիլյանին վտարել Հայաստանից: Սույն լուրերը պաշտոնապես ոչ հերքվել են, ոչ հաստատվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ժիրայր Սէֆիլյանը, ՀՀ օրենսդրության համաձայն, Հայաստանում բնակվելու հնարավորություն ունենալու համար պետք է ձեռք բերի կամ հատուկ կացության կարգավիճակ, կամ ստանա Հայաստանի քաղաքացիություն, վարչախումբը չարամտորեն խուսափում է նշվածի վերաբերյալ որոշում կայացնելուց` Շուշիի ազատագրման հերոսներից մեկին չտրամադրելով ոչ կացության կարգավիճակ, ոչ քաղաքացիություն:
Ժիրայր ՍԷֆիլյանն ամուսնացած է, ունի երկու որդի` Պետո ՍԷֆիլյանը (ծնված 1994թ., Բեյրութում), և Վահագն Սէֆիլյանը (ծնված 2006թ., Երևանում): Հանիրավի դատապարտված հայրենասերի տիկինը` Նանօր Սէֆիլյանը, աշխատում է որպես Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի դեսպանի օգնական և օգտվում է դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի 1961թ. ապրիլի 18-ի Կոնվենցիայով նախատեսված անձեռնմխելիությունից և արտոնություններից:
Սէֆիլյանների ընտանիքը գրեթե երկու տասնամյակ ապրելով Հայաստանում` դարձել է հայաստանյան հասարակության լիիրավ անդամ, ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույք, ավագ որդին հաճախում է միջնակարգ դպրոց: Որդիները տիրապետում են միայն հայերեն լեզվին: Ժիրայր Սէֆիլյանը ՀՀ Զինված Ուժերի պահեստազորի սպա է, ունի փոխգնդապետի զինվորական կոչում: Հեղինակություն վայելող հասարակական գործիչ է: Մինչդեռ Լիբանանում Սէֆիլյանների ընտանիքը չունի որևէ սեփականություն, եկամտի աղբյուր կամ կենսակերպն ապահովող այլ միջոցներ:
Ժիրայր Սէֆիլյանին չտրամադրելով ոչ հատուկ կացության կարգավիճակ, ոչ քաղաքացիություն, ինչպես նաև պաշտոնապես չհերքելով Հայաստանից նրա վտարման վերաբերյալ շրջանառվող լուրերը` ՀՀ իշխանությունները փաստացի պարտադրում են Սէֆիլյանների ընտանիքին կատարել ՙընտրություն՚` կամ ընտանիքի անդամների միմյանցից բաժան-բաժան ապրելակերպ, կամ ողջ ընտանիքով պարտադրված մեկնում Լիբանան, ինչը կենսագոյության նվազագույն միջոցների իսպառ բացակայության պատճառով խիստ բացասաբար կանդրադառնա հայրենանվեր ընտանիքի ապագայի վրա: Նաև հանրահայտ փաստ է, որ վերջին պատերազմական գործողությունների արդյունքում բազմաթիվ լիբանանահայեր ստիպված են եղել լքել Լիբանանը:
Ուստի ՀՀ իշխանություններից պահանջում ենք`
- դադարեցնել Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ շարունակական բնույթ կրող քաղաքական հալածանքները,
-
Ժիրայր Սէֆիլյանին տրամադրել Հայաստանում բնակվելու իրավունք:
Միջազգային պատկան կազմակերպություններից պահանջում ենք`
- անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել` կանխելու ժողովրդավարություն կերտող հայ ժողովրդի նվիրյալ զավակներից մեկի հանդեպ քաղաքական այլախոհության պատճառով Հայաստանի ղեկավարության կողմից չդադարող հետապնդումները, ինչպես նաև թույլ չտալ Հայաստանից Ժիրայր Սէֆիլյանի ապօրինի վտարումը, քանզի դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է:
Բաց նամաը ստորագրել են.
Ժիրայր Սէֆիլյանի պաշտպանության խումբ
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյան
Փաստաբաններ մարդու իրավունքների համար ՀԿ, Սեդա Մելիքյան
Հույս ՀԿ, Լալա Ասլիկյան
Զարթոնք-89, Սիլվա Վարդանյան
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ, Լևոն Բարսեղյան
Սկսել ա երիտասարդական շարժում, Արսեն Խառատյան
