Կալանավորվել է «Ոզնի» պատրաստելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա համախոհների՝ ս/թ փետրվարի 20-ից սկսած օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառումներ կազմակերպելու, այդպիսիք դադարեցնելու որոշման պահանջներին չենթարկվելու և պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված կոչեր հնչեցնելու ու գործողություններ կատարելու, այնուհետև 2008թ. մարտի 1-ին Երևանի քաղաքապետարանի շրջակայքում և կենտրոնական փողոցներում հրահրված ու կազմակերպված` բռնություններով, հրկիզումներով, գույքի ոչնչացմամբ և

վնասումներով, հրազենի, պայթուցիկ նյութերի գործադրմամբ, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով ուղեկցված և սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ նախաքննության շրջանակներում ազգային անվտանգության եւ հատուկ քննչական ծառայությունների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է մարմնական վնասվածքներ պատճառելու համար որպես զենք հարմարեցված մետաղական կոնստրուկցիաների՝ այսպես կոչված «ոզնիների» պատրաստման վայրը, պատվիրատուի և պատրաստողի ինքնությունը:

2008թ. փետրվարի 29-ին Վրեժ Նիկոլյանը, իր խնամի Համլետ Հովհաննիսյանից, որը հայտնի է որպես «տռոս Համո» մականունով, պատվեր է ստացել 8մմ հաստության 10-12սմ երկարության, սուր ծայրերով ամրաններից պատրաստել տալ 80 մետաղական կոնստրուկցիա և Ազատության հրապարակում տեղադրված «Հատուկ գունդ» կոչվող հասարակական կազմակերպության վրանի մոտ նույն գնդի անդամներից մեկից ստանալով դրա նմուշը՝ այն ներկայացրել է Երևան քաղաքի Շիրազի 13 հասցեում գտնվող շինանյութի խանութի զոդող-վարպետ Հրաչյա Սահակյանին ու պատվիրել դրանց պատրաստումը՝ նախապես հարցը համաձայնեցնելով խանութի տնօրեն Արմեն Հալաջյանի հետ: Պատվերն իրականացնելուց հետո՝ նույն օրը, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված 80 մետաղական կոնստրուկցիան՝ այսպես կոչված «ոզնիներ»-ը, Նիկոլյանը, Համլետ Հովհաննիսյանի ուղարկած անձանց միջոցով տեղափոխել է Ազատության հրապարակ, որոնք հաջորդ օրը՝ մարտի 1-ին, օգտագործվել են ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրելու, զանգվածային անկարգություններ հրահրելու համար:
Վ.Նիկոլյանը կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, իսկ Հ.Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Միջոցներ են ձեռնարկվում Հ.Հովհաննիսյանին և հանցագործությանը մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ: