NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Պաշտպանը առաջարկել է ոստիկանապետին
Սույն թվականի մայիսի 6-ին քաղաքացի Կարեն Հեքիմյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումով հայտնել է, որ 2008 թվականի մայիսի 5-ի առավոտյան իր բնակարան են ներխուժել ոստիկանության երեք աշխատակից և բռնի ուժով տարել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Ըստ քաղաքացու`այնտեղ եղած ժամանակ նրան արգելել են օգտվել հեռախոսից, փաստաբանական ծառայությունից, նույնիսկ`բնական կարիքները հոգալուց: Դիմումատուն նաև հայտնել է, որ ոստիակնության Շենգավիթի բաժնում շուրջ յոթ ժամ պահելուց հետո ոստիկանության աշխատակիցները նրան ազատ են արձակել: Քաղաքացուն յոթ ժամ պահելու փաստը հիմնավորել է նաև նրա շահերի պաշտպանը, որն այդ յոթ ժամվա ընթացքում կանգնած է եղել ոստիկանության շենքի բակում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Պաշտպան Արմեն Հարությունյանի հանձնարարությամբ, աշխատանքային խումբը այցելել է ոստիկանության Շենգավիթի բաժին: Վերջիններս ոստիկանության բաժնում ուսումնասիրել են «Ոստիկանության մարմին բերման ենթարկվածների հաշվառման» գիրքը և պարզել, որ Կարեն Հեքիմյանը նշված մատյանում գրանցված չէ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Մարդու իրավունքների Պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով Պաշտպանին վերապահված լիազորություններից`Արմեն Հարությունյանը պաշտոնական գրությամբ ՀՀ Ոստիկանության պետ Հ. Հարությունյանին առաջարկել է հանձնարարել ծառայողական քննություն անցկացնել և իրավախախտում հայտնաբերելու դեպքում միջոցներ ձեռնարկել մեղավոր անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես նաև արդյունքների մասին հայտնել իրեն:
