NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քանդակ Հրանտ Դինքի հիշատակին
Թուրք քանդակագործ Մեհմեդ Աքսոյը մտադիր է աղավնու քանդակ տեղադրել Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրատան առջեւ` այն վայրում, որտեղ անցյալ տարվա հունվարի 19-ին սպանվեց թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը: Քանդակագործը, որին ոգեշնչել է Դինքի «Տագնապած աղավնին» հոդվածը, հայազգի լրագրողի հիշատակը հավերժացնող հուշարձան ստեղծելու իր մտահղացումը այսպես է հիմնավորել «Անցորդները կտեսնեն արձանը եւ դեմ-հանդիման կկանգնեն իրենց խղճին: Որովհետեւ մարդկային խիղճը գերագույն դատավորն է»:
Աքսոյն իր ծրագիրն իրագործելի է համարում, վստահեցնելով, որ այն արժանացել է Ստամբուլի Շիշլի քաղաքամասի տեղական իշխանությունների հավանությանը, եւ որոշ ընթացակարգային խնդիրներ լուծելուց հետո արձանը կտեղադրվի: Մինչդեռ Շիշլիի վարչակազմի ներկայացուցիչը թուրքական լրատվամիջոցներին ասել է, թե իրենք որեւէ պաշտոնական դիմում չեն ստացել: Նա նշել է նաեւ, որ Աքսոյը չի կարող իրականացնել իր ծրագիրը, մինչեւ չստանա Ստամբուլի քաղաքապետարանի պաշտոնական թույլտվությունը:
Այդուհանդերձ, քանդակագործի մտահղացումը դրական գնահատականի է արժանանում ինչպես «Ակոսի« խմբագրակազմի, այնպես էլ մի շարք թուրք մտավորականների կողմից: Մասնավորապես, թուրք հրատարակիչ, Մարդու իրավունքների ասոցիացիայի նախագահ Ռագըպ Զարաքօլուն, նախաձեռնությունը որակելով կարեւոր քայլ, թուրքական լրատվամիջոցներին ասել է. - «Թող ոչ ոք չզրկվի կյանքից իր համոզմունքների համար, թող այլեւս ոչ ոք չդիպչի խաղաղ աղավնիներին»:
