NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Խոսքի ազատության թշնամիների ցանկը համալրեց եւս մեկ վնասատու
Մայիսի 16-ին ժամը 16-ի հատվածում, այն ժամանակ, երբ Գյումրու հարկային տեսչության շենքի առաջ կայանել էին աշխատակիցների մոտավորապես 32 ավտոմեքենաները եւ Երեւանից ժամանած պաշտոնյաների ջիփը, երբ Գյումրու հարկային տեսչության շենքում աշխատակիցներին էր ներկայացվում ծառայության նոր պետը` Խաչիկ Երոյանը, Գյումրու հարկային տեսչության պետի ծառայողական ավտոմեքենայի վարորդ Արտակ Հարությունյանը, ով ժրաջանորեն ինչ-որ ցելոֆանե տոպրակներ էր տեղափոխում հարկայինի շենքից ծառայողական ավտոմեքենայի մեջ, մինչեւ հոգու խորքը ազդվելով ԳԱԼԱ ՀԸ նկարահանող օպերատորի նկարահանումից, հարձակվեց փողոցում իր գործով տարված օպերատոր Արտյոմ Ադամյանի տեսախցիկի վրա եւ երկու անգամ հարվածեց տեսախցիկին, ապա, մտնելով հարկային տեսչության շենքի նախասրահ, բռնեց այնտեղ գտնվող ԳԱԼԱ ՀԸ լրագրող Արմինե Վարդանյանի թեւից ու քաշքշելով նրան փորձեց դուրս վռնդել:
Ինպես տեղեկացնում է Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը, տեսախցիկին հարվածելու դրվագները նկարահանվել եւ ցուցադրվել են հեռուստաընկերության լրատվական թողարկումներում: Արմինե Վարդանյանը անհապաղ զանգահարել է Ոստիկանության Գյումրու բաժին, տեղեկացրել իր եւ օպերատորի վրա կատարված հարձակման մասին: Ոստիկանները ժամանել են 5 րոպեից: Ոստիկանատանը լրագրողն ու օպերատորը հայտարարություն ու բացատրություն են տվել իրենց վրա կատարված հարձակման եւ աշխատանքի խոչընդոտման մասին:
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը լրջագույն կասկածներ է հայտնում հարկայինի վարորդ Արտակ Հարությունյանի մարդկային եւ տղամարդկային որակների վերաբերյալ. երիտասարդ աղջկա եւ տեսախցիկի հետ ձեռքերի ֆիզիկական զորությամբ խոսողները իշխանության համակարգում տեղ չունեն, այսպիսիք հոգեբուժական միջամտության անհետաձգելի կարիք ունեն, դրանց թույլ տալ մեքենա վարել, նույնն է, թե երեխայի օրորոցի վրա գույնզգույն նռնակներ կախել ....: Կրկնակի վիրավորական է, որ այս վայրենին աշխատավարձ է ստանում մեր վճարած հարկերից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր իրավական համակարգում անհնար է ակնկալել լկտի վարորդի համապատասխան պատիժը, անպատասխան հույս ենք հայտնում, որ երիտասարդը սիրահոժար համաձայն կլինի, որ իր հետ խոսեն այն լեզվով, որով ինքը խոսում է աղջիկների հետ: Կոչ ենք անում Գյումրու հարկային տեսչության նորանշանակ պետին` պատժել վարորդների պատիվը խայտառակած այս երիտասարդին, իսկ ավելի լավ է` ազատել նրան աշխատանքից ավելի շուտ, քան նրան քրեական պատասխանատվության կենթարկեն:
