NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քրեական գործ դատախազի օգնականի նկատմամբ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մայիսի 8-ի որոշմամբ քրեական գործ է հարուցվել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի օգնական Հակոբ Սիմոնյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու փաստի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Ըստ նույն աղբյուրի, Երեւան քաղաքի բնակիչ Սամվել Գարեգինյանը 2008 թվականի ապրիլի 28-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում հայտարարություն է տվել, որ Գերմանիայում բնակվող իր ընկերոջ՝ Հրաչյա Կարապետյանի որդու՝ Ալեքսանդր Կարապետյանի նկատմամբ զորակոչից խուսափելու համար հայտարարված հետախուզումը դադարեցնելու եւ նրան զինծառայությունից ազատելու խնդիրները լուծելու համար Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի օգնական Հակոբ Սիմոնյանը ժամանակավորապես ՀՀ ժամանած Հրաչյա Կարապետյանից 2006 թվականի դեկտեմբերի սկզբներին, իր ներկայությամբ, պահանջել է 12.000 ԱՄՆ դոլարի կաշառք, ապա մինչեւ դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, իր աշխատասենյակում ստացել է 8.000 ԱՄՆ դոլար, մնացածը գործն ավարտելուց հետո ստանալու պայմանով, սակայն հետագայում չկատարելով խոստումը, գումարը չի վերադարձրել:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
