Դեպի անմարդաբնակ Հայաստա՞ն

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց է տվել ՀՀ կառավարությանը։ «Ով է կանգնած Լիխտենշտեյնում գրանցված այն ընկերության հետեւում, որին պատկանում է Թեղուտի հանքերը շահագործելու իրավունք ստացած ACP ընկերության 81 տոկոսը»

Զարուհի Փոստանջյանը չի կարծում, թե կառավարությունը չի գիտակցում բնապահպանական այն մեծ վնասի աղետաբերությունը, որ կհասցվի Թեղուտի անտառներին, եթե չկանխվի հանքերի շահագործումը, որչովհետեւ գիտի, որ կառավարությունում միամիտներ չեն նստած:

«Կառավարության ներկայիս ղեկավար վարչապետը, որը շատ լավ դասախոսություններ է կարդացել ինձ եւ մի շարք այլ անձանց, շատ լավ դասում է, թե որ պետություններն են համարվում զարգացած, որոնք ինդուստրիալ, պոստինդուստրիալ եւ որոնք սպասարկող, հետամնաց: Եվ հանքարդյունաբերության հիման վրա տնտեսությունը զարգացնող երկրները, մեր վարչապետը դասախոսության ժամանակ համարեց, որ դրանք ամենահետամնաց երկրներն են, եւ փաստորեն այսօր, Թեղուտի շահագործումով մենք դառնում ենք հետամնաց երկիր, որտեղ բանվորի աշխատուժը պետք է գնահատվի ընդամենը 40 հազար դրամ, այն դեպքում, երբ այդ անձը կարող է զբաղվել գյուղատնտեսությամբ, որը կարող է լինել առավել շահութաբեր եւ հեռանկարային։ Փաստորեն մի քանի հոգի ցանկանում են հարստանալ երկրի ու հասարակության, ամբողջ հայ ազգի հաշվին», հայտարարել է Զարուհի Փոստանջյանը:

Բնապահպաններն ասում են, որ մոլիբդենն աշխարհում հարաճուն պահանջարկ ունեցող եւ թանկացող հումք է եւ հետեւաբար ռազմավարական պաշար է, եւ այն արտահանելով, այդ ռազմավարական պաշարի հետ վերաբերվում ենք բարբարոսաբար: Հայաստանում արդեն իսկ կա մոլիբդենի շահագործման աշխարհի ամենամեծ հանքավայրերից մեկը, եւ երկրորդն ուղղակի կլինի արդեն շռայլություն, նկատում են նրանք: Եթե հանրային ճնշումը մեծ լինի, ապա կառավարության որոշումը կարելի է կանխել, եթե Թեղուտի շահագործումը չկանխվի, ապա Հայաստանի այլ վայրերում էլ բնության հաշվին կսկսեն հանքեր փորել, ընդհուպ ուրանի, որի ուսումնասիրություններ Սյունիքում արդեն ընթացքի մեջ են, հայտարարում են բնապահպանները: Նրանց կարծիքով, եթե այս միտումը շարունակվի Հայաստանը կդադարի ապրելու համար պիտանի երկիր լինելուց։