NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Վերաքննիչը մեղմեց պատիժը
ՀՀ վճռաբեկ դատարանը տեղեկացնում է, որ սույն թվականի ապրիլի 23-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կայացրեց որոշում, որով փոփոխեց Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի մարտի 27-ի դատավճիռը։
Հիշեցնենք, որ վերոհիշյալ դատավճռով ընտրության ընթացքում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմած, իր ստորագրությամբ ու տեղամասի կնիքով հաստատած քաղվածքն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու համար, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ընտրատարածքի թիվ 22/22 տեղամասի հանձնաժողովի քարտուղար Անժիկ Նորիկի Դաբաղյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը») և դատապարտվել 3 տարվա ազատազրկման։
Անժիկ Դաբաղյանի շահերի պաշտպան Վ.Նիկոլյանի և Գեղարքունիքի մարզի դատախազ Վ.Մարգարյանի կողմից բերված վերաքննիչ բողոքների հիման վրա Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով չկիրառել ազատազրկման ձևով նշանակված պատիժը և սահմանել փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով։
Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կայացրեց որոշում, որով փոփոխեց Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի փետրվարի 29-ի դատավճիռը։
Հիշեցնենք, որ վերոհիշյալ դատավճռով Երևան քաղաքի Կենտրոն համայնքի թիվ 9 ընտրատարածքի թիվ 9/31 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Գուրգենի Աղաջանյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ («Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը») և դատապարտվել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով։
Էդուարդ Աղաջանյանի շահերի պաշտպան Վ.Գևորգյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կարգով նշանակել պատիժ՝ ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով։
Բացի այդ, այսօր 2008 թվականի փետրվարի 19-ի ՀՀ Նախագահի ընտրությունների կապակցությամբ Վերաքննիչ քրեական դատարան բողոք է բերվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի ապրիլի 11-ի դատավճռի դեմ։
Հիշեցնենք, որ վերոհիշյալ դատավճռով Գավառ քաղաքի թիվ 22/21 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Լևիկի Հայթյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ («Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը») և նրա նկատմամբ նշանակվել էր պատիժ ազատազրկում 3 տարի 6 ամիս ժամկետով։ Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով Հռիփսիմե Հայթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով։ Բացի այդ, նույն գործով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել նաև Սիմոն Հենրիկի Ամիրխանյանին և Սամվել Սարգսի Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-150-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ (դրդչություն) և երկուսին էլ դատապարտել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով։
Վերաքննիչ բողոքը բերվել է միայն Սիմոն Ամիրխանյանի և Սամվել Կարապետյանի մասով վերջիններիս շահերի պաշտպան Ս.Սաֆարյանի կողմից։
Այսօր Վերաքննիչ քրեական դատարան բողոք է բերվել նաև Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի մարտի 21-ի դատավճռի դեմ, որով ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սոֆյա Արշալույսի Քալանթարյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով («Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը») նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել՝ 300 հազար դրամ տուգանքի։
