NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Եվրոպայի խորհուրդն ու ԵԱՀԿ-ն ողջունում են վերջերս փոփոխված հանրահավաքների մասին օրենքը բարեփոխելու կապակցությամբ համաձայնությունը
Ստրասբուրգ, 22.04.2008թ.
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ)
և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովն այսօր ողջունեցին Հայաստանի
իշխանությունների ներկայացուցիչների հետ վերջերս փոփոխված հանրահավաքների մասին
օրենքը բարեփոխելու կապակցությամբ ձեռք բերված համաձայնությունը:
«Այս համաձայնագիրը դիտարկում ենք, որպես Հայաստանի իշխանությունների և ԺՀՄԻԳ-ի ու
Վենետիկի հանձնաժողովի միջև հանրահավաքների օրենսդրական կարգավորման գործում
երկարատև համագործակցության ևս մեկ քայլ», - ասել է ԺՀՄԻԳ տնօրեն, դեսպան Քրիսթիան
Շթրոհալը:
«Վենետիկի հանձնաժողովն ու ԺՀՄԻԳ-ն ակնկալում են ստանալ նոր փոփոխությունների
նախագծերը և պատրաստ են քննարկել դրանք համապատասխան միջազգային չափանիշների լույսի
ներքո», - ավելացրել է Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջանի Բուքիքիոն:
Մարտի 28-ին հրապարակված իրավական կարծիքում ԺՀՄԻԳ-ն ու Վենետիկի հանձնաժողովը
լուրջ մտահոգություններ հայտնեցին մարտի 1-2-ի բռնություններից անմիջապես հետո
Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին օրենքում կատարված
փոփոխությունների վերաբերյալ:
Ապրիլի 15-ից 16-ը Երևան այցի ժամանակ ԺՀՄԻԳ և Վենետիկի հանձնաժողովի
պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանի,
Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի, նախագահի խորհրդական Գևորգ Մհերյանի հետ:
Համաձայնություն ձեռք բերվեց վերացնել կամ բարեփոխել խաղաղ հավաքները, հակտապես
ինքնաբուխ հավաքները, սահմանափակելու համար ներմուծված փոփոխությունները: Այս
բարեփոխումները օրենքը կմոտեցնեն իր սկզբնական բովանդակությանը, որը դրական էր
գնահատվել ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի կողմից:
Ըստ ձեռք բերված համաձայնության, նոր փոփոխությունները կմշակվեն և կներկայացվեն
ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի ուսումնասիրությանը: ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի
հանձնաժողովի փորձագետներն առաջարկեցին, որ բավականաչափ ժամանակ տրամադրվի
փոփոխությունների հանրային քննարկումների համար:
