NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նամակ Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին
Հարգելի պարոն Համմարբերգ,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել 2008 թվականի մարտի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունում արդյունավետ քննարկումներ անցկացնելու համար։
Մեր հանդիպման ընթացքում հնարավորինս մանրամասն ներկայացրեցի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա համախոհների կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային հրապարակային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, իրենց ծառայողական պարտականությունները կատարող՝ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին բռնությամբ զուգորդված դիմադրություն ցույց տալու, ինչպես նաև նույն օրը՝ Երևանի քաղաքապետարանի շրջակայքում և կենտրոնական փողոցներում, հրազենի, պայթուցիկ նյութերի և այլ հարմարեցված առարկաների գործադրմամբ իրականացված, սպանություններով, բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով և իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով ուղեկցված զանգվածային անկարգություններ կազմակերպելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի ընթացքը։
Նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար իմ հրամանով ձեւավորվել է դատախազական խումբ, որի կազմում ընդգրկվել են քննության մեթոդիկային տիրապետող դատախազներ, ովքեր ամենօրյա հսկողություն են իրականացնում քննչական մարմնի գործողությունների նկատմամբ, ուսումնասիրում կալանավորման հիմքերը, առաջադրված մեղադրանքների բնույթն ու ապացույցները:
Նախաքննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունն ու լրիվությունն ապահովելու, զանգվածային անկարգությունների ժամանակ արձանագրված մահվան եւ մարմնական վնասվածքներ ստանալու, կասկածյալի եւ մեղադրյալի ինչպես մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ արդարացնող, նրանց պատասխանատվությունը ծանրացնող եւ մեղմացնող հանգամանքները պարզելու նպատակով ցուցում է տրվել նախաքննությունն իրականացնող քննչական խմբի ղեկավարին` հատուկ քննության առարկա դարձնել նաեւ ոստիկանության գործողությունների օրինականության հարցը եւ իրավական գնահատական տալ ինչպես ընդհանրապես ոստիկանության, այնպես էլ առանձին ոստիկանների գործողությունների օրինականությանը:
Ապրիլի 17-ի դրությամբ` նախնական կալանքի տակ է գտնվում 74 մեղադրյալ, 19-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 25 քրեական գործ` 25 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, որոնցից 4-ի մասով դատաքննությունն ավարտվել է: Նրանք ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները, տվել խոստովանական ցուցմունքներ եւ դատապարտվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրելու, զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու համար: Մնացած 21 անձանց վերաբերյալ դատաքննությունը շարունակվում է: Եւս 8 անձի վերաբերյալ քրեական գործեր դատարան է ուղարկվել ազգային անվտանգության ծառայության կողմից` ապօրինի կերպով զենք ու ռազմամթերք պահելու համար:
Դատախազների կողմից հատուկ ուշադրություն է դարձվում մեղադրյալների դատավարական իրավունքների պաշտպանությանը: Բոլոր կասկածյալներին եւ մեղադրյալներին պարզաբանվել են իրենց իրավունքները, միջոցներ ձեռնարկվել դրանց անարգել իրացման ուղղությամբ: Նախաքննության ընթացքում, նախաքննության շահերից ելնելով, ժամանակավորապես սահմանափակվել է 25 մեղադրյալի` մերձավոր ազգականների հետ տեսակցություններ եւ առանձնազրույցներ ունենալու իրավունքը: Այս սահմանափակումը որեւէ կերպ չի տարածվել մեղադրյալների` իրենց պաշտպանների հետ հանդիպումներ ունենալու իրավունքի իրացման վրա եւ պաշտպանների հետ տեսակցությունները չեն սահմանափակվել: 2008 թվականի ապրիլի 1-ի դրությամբ` 25 մեղադրյալների տեսակցության իրավունքները սահմանափակող որոշումները վերացվել են եւ ներկայումս նախնական կալանքի տակ գտնվող բոլոր մեղադրյալներն օգտվում են դատավարական իրենց բոլոր իրավունքներից: Բոլոր մեղադրյալներին մեղադրանքներ են առաջադրվել քրեորեն հետապնդելի կոնկրետ գործողություններ անելու համար եւ դատախազներն իրականացնում են հսկողություն` անհարկի ձերբակալությունները, քաղաքական հայացքների, հանրահավաքներին մասնակցելու համար հնարավոր հետապնդումները բացառելու, կանխելու նպատակով:
Հաշվի առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող նշված քրեական գործի հասարակական հնչեղությունը եւ կարեւորելով նախաքննության թափանցիկությունն ու հասարակության` ստուգված, անաչառ եւ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը, դատախազությունում ստեղծվել է հանրային իրազեկման խումբ, որին հանձնարարվել է ապահովել նախաքննության ընթացքի եւ արդյունքների մասին հանրությանը պարբերաբար տեղեկատվության տրամադրումը՝ այնքանով, որքանով դա չի խոչընդոտի նախաքննության իրականացմանը, խստագույնս պահպանել Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 2003 թվականի թիվ 13 հանձնարարականի պահանջները եւ տեղեկատվությունը զանգվածային լրատվության միջոցներին տրամադրել` առանց որեւէ խտրականության` հարգելով անմեղության կանխավարկածը, ինչպես նաեւ ցուցում է տրվել տարածվող տեղեկատվությունը` մամուլի
հաղորդագրություններն ու հայտարարությունները անմիջապես տեղադրել ՀՀ դատախազության ինտերնետային էջում՝ ապահովելով դրա հասանելիությունը բոլոր քաղաքացիների համար:
Դատախազության հանրային իրազեկման խումբը ամեն օր տեղեկատվություն է տրամադրում քրեական գործի նախաքննության ընթացքի եւ դատախազական հսկողության արդյունքների մասին: Բոլոր շահագրգիռ կողմերին, միջազգային եւ հասարակական կազմակերպություններին տրամադրվել են կալանավորված անձանց ցուցակը եւ նրանց առաջադրված մեղադրանքները: Կալանավորված անձանց նախնական ցուցակը տեղադրվել է նաեւ դատախազության ինտերնետային էջում:
Անչափ բարձր գնահատելով Ձեր կողմից 15.04.08թ. հնչեցված համագործակցության առաջարկը, ինչպես նաև, ելնելով քննության օբյեկտիվության և հրապարակայնության շահերից՝ առաջարկում եմ փորձագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով, իրականացվող փորձաքննություններին, մասնավորապես՝ դատաբժշկական, քրեագիտական և տեսաձայնագրային փորձաքննությունների կատարմանը, հնարավորության դեպքում, ներգրավել Ձեր առաջարկած մասնագետներին։
Վստահեցնում եմ՝ մեր կողմից կապահովվեն փորձագետների աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։
Պատրաստակամ ենք, անհրաժեշտության դեպքում, քննիչներ, դատախազներ գործուղել նաեւ եվրոպական որեւէ երկիր, միջազգային կառույց, որի փորձը Ձեր գնահատմամբ առավել ուսանելի է` ծանոթանալու, ուսումնասիրելու այդօրինակ դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննության մեթոդիկային, առանձնահատկություններին, ինչպես նաեւ համագործակցել այդ նպատակով Հայաստան գործուղված յուրաքանչյուր մասնագետի հետ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանն ունի նշված փորձաքննությունների բնագավառում միջազգային չափանիշներին համապատասխանող եւ միջազգային վկայականներ ունեցող փորձագետներ, արդյունավետ աշխատում է ԱՄՆ կառավարության օժանդակությամբ ձեւավորված Փորձաքննությունների ազգային բյուրոն, որն անկախ է եւ չի ենթարկվում որեւէ գերատեսչության:
Արդարադատության
պետական խորհրդական`
Ա.Հովսեփյան
