Ապրիլի 16-ի դրությամբ դատարանում է 24 գործ

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը, սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է Արմեն Մովսիսյանի, Էդիկ Խաչատրյանի, Խաչիկ Գասպարյանի եւ Ավետիք Ներսիսյանի մասով նախաքննությունը եւ նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ:

Ա.Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին եւ քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի քրեական դատարան՝ ըստ էության քննելու համար:

Է.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին եւ քրեական գործն ուղարկվել է ՀՀ հյուսիսային քրեական դատարան՝ ըստ էության քննելու համար:

Խ.Գասպարյանին եւ Ա.Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցչի կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար՝ կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ քրեական գործերն ուղարկվել են Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Նախնական կալանքի տակ գտնվող եւս 4 մեղադրյալի նկատմամբ, նախաքննական մարմնի որոշմամբ, փոխվել է ընտրված խափանման միջոցը: Նկատի ունենալով, որ նրանց մասով անհրաժեշտ քննչական գործողությունները կատարվել են եւ նրանց ազատության մեջ գտնվելը այլեւս չի խոչընդոտի հետագա նախաքննությանը՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով ձերբակալված Տիգրան Սուքիասյանին, Եղիշե Գրիգորյանին եւ Արթուր Նազանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Այսպիսով՝ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ապրիլի 16-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 75 անձ, եւս 18 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Եւս մեկ անձ՝ Լ.Գասպարյանը, ձերբակալվել է Երեւան քաղաքում մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով: Ապրիլի 16-ի դրությամբ՝ դատարան է ուղարկվել 24 քրեական գործ՝ 24 անձի վերաբերյալ: