NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Երկուսը սկսել են նախազգուշական հացադուլ
Ընդամենը երկու օր առաջ հացադուլից դուրս եկած, ազատամարտիկ Արշալույս Բոզինյանը, այսօր առավոտյան եռօրյա նախազգուշական հացադուլ է սկսել։ Այս անգամ նրան միացել է զոհված ազատամարտիկի այրի Ժաննա Ներսիսյանը, ում պահանջը նույնն է. անհապաղ ազատ արձակել Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանին եւ մյուս ազատամարտիկներին:
«Իմ պահանջը Սասուն Միքայելյանի եւ բոլոր մեր ազատամարտիկների ազատ արձակումն է` կառավարությունից, վերադաս մարմիններից ուրիշ պահանջ չունենք: Ամսի 24-ին` ցեղասպանության օրը, արդեն մեծաքանակ կամպանիայով հացադուլ կանենք Օպերայի շրջակայքում` ազատամարտիկները, զոհված ազատամարտիկների այրիները, այս անգամ կհավաքվենք Օպերայի հրապարակում», -հայտարարել է Արշալույս Բոզինյանը:
Արշավիր Բոզինյանը շաբաթ օրը ժամանակավորապես դադարեցրել էր 19 օր տեւած հացադուլը. «Ես հարգեցի Լեւոն Տեր-Պետրոսյանին` իմ առաջին նախագահին եւ գերագույն հրամանատարին, ես հարգեցի իմ անմիջական հրամանատար Սասուն Միքայելյանի արձագանքը եւ դադարեցրի երեք օր։ Այսօր նորից ես հիշեցում-զգուշացում եմ երեք օրով հայտարարում, իմ զոհված ընկերոջ այրու հետ` Ժաննա Ներսիսյանի հետ ես այսօրվանից հացադուլում եմ երեքօրյա: Կհանգստանանք այն ժամանակ, երբ որ գյուղի հերոսը, հրամանատարը ազատ կլինի: Մենք ուրիշ ոչ մի պահանջ չունենք` ոչ աթոռ ենք ուզում, ոչ պաշտոն ենք ուզում, մենք մեր հրամանատարի ազատությունն ենք ուզում»։
