NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հրապարակվեց վերջնական զեկույցը
Ապրիլի 14-ին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի բացմանը Ջոն Պրեսկոտը ներկայացրել է միջազգային դիտորդական առաքելության վերջնական զեկույցը Հայաստանի նախագահի ընտրության վերաբերյալ:
Զեկույցի հեղինակները նշում են, որ ընտրությունը հիմնականում անցել է ԵԽ ստանդարտներին համապատասխան, իշխանությունները բարելավել են օրենսդրական մեխանիզմները, սակայն բավարար քաղաքական կամքի բացակայության հետեւանքով դրանք չեն իրագործվել:
Զեկույցի հեղինակները մտահոգություն են հայտնում, որ ընտրական հանձնաժողովների նախագահները, տեղակալները եւ քարտուղարները նշանակվել են այն կուսակցությունների կողմից, ովքեր պաշտպանում էին վարչապետի թեկնածությունը, ինչպես նաեւ նախագահի կողմից, ով նույնպես բացեիբաց պաշտպանում էր վարչապետին: Զեկույցի հեղինակները մտահոգություն են հայտնում, որ ընտրական հանձնաժողովները եղել են մեկ քաղաքական շահի հսկողության տակ, կասկածի տակ առնելով ընտրության արդարությունը: Զեկույցի հեղինակները նաեւ նշում են այն փաստը, որ կենտրոնական եւ տարածքային հանձնաժողովները բավարար ֆորմալ նիստեր չեն անցկացրել, նախընտրելով ոչ ֆորմալ պայմանավորվածություններ, նվազեցնելով գործընթացի թափանցիկությունը:
Զեկույցի մի հատված վերաբերում է նախընտրական շրջանում լրատվամիջոցների գործունեությանը, մտահոգություն արտահայտելով հեռարձակվող լրատվամիջոցներում բազմակարծության պակասի եւ վերահսկողության վերաբերյալ: Հեղինակները նշում են, որ տպագիր մամուլն ավելի բազմազան եւ անկախ է, սակայն փոքր տպաքանակի պատճառող հասանելի չէ բոլորին: Զեկույցում նշվում է, որ եթերում թեկնածուների արշավը հավասարաչափ է լուսաբանվել, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ նյութերը եղել են ընտրովի, խեղաթյուրված եւ հիմնականում բացասական երանգով, մինչդեռ մասնավոր հեռուստաընկերությունների եթերում, ըստ միջազգային դիտորդների, հավասարակշռությունը Սերժ Սարգսյանի օգտին է եղել:
Զեկույցի հեղինակները նշում են, որ Սերժ Սարգսյանը ընտրարշավի ընթացքում մնացել է վարչապետի պաշտոնում: Նրանք նշում են, որ թեեւ օրենքը դա թույլ է տալիս, սակայն այս որոշումը նրան առավելություն է տվել, եւ պետական, եւ կուսակցական գործառույթների տարանջատումը հստակ չի եղել: Արդյունքում վարչապետի արշավին ակտիվորեն ներգրավվել են կառավարման մարմինները, նշում են զեկույցի հեղինակները:
Զեկույցը անդրադառնում է նաեւ հետընտրական զարգացումներին եւ մարտի 1-ի դեպքերին: Հեղինակները նշում են, որ մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը խուզարկել է Ազատության հրապարակի վրանային ճամբարը եւ ցուցարարների դիմադրությանը հանդիպելով` որոշում է կայացրել քանդել ճամբարը: Հեղինակները նշում են, որ պաշտոնական տվյալով 31 հոգի վիրավորվել է, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը դե ֆակտո տնային կալակքի տակ է առնվել, իսկ արդեն երեկոյան բախումներ են տեղի ունեցել, եւ ըստ պաշտոնական տվյալի զոհվել են 7 ցուցարար եւ 1 ոստիկան: Զեկույցի հեղինակները փաստում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցություն հայտնած մի շարք բարձրաստիճան պետական պաշտոնյաներ աշխատանքից հեռացվել են, եւ նրա այլ կողմնակիցների հետ միասին ձերբակալվել են ակնհայտորեն կեղծ մեղադրանքներով: Նրանք նշում են, որ ըստ Հելսինկյան ասոցիացիայի, փետրվարի 20-29 13 մարդ է ձերբակալվել: Նրանք նաեւ նշում են, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո Տեր-Պետրոսյանի բազմաթիվ կողմնակիցներ են ձերբակալվել, եւ փաստորեն ակնհայտ է, որ իշխանությունը կոշտ միջոցներ է կիրառում ընդդիմության դեմ:
Զեկույցի հեղինակները նշում են, որ թեեւ զեկույցը այս իրադարձությունների եւ արտակարգ դրության հրամանագրի վերաբերյալ չէ, սակայն պարզ է, որ դրանց դրդապատճառը ընտրական գործընթացի նկատմամբ հասարակական վստահության եւ արդյունքի լեգիտիմության պակասն է: Նրանք նշում են, որ ընտրական համակարգը բարեփոխման կարիք ունի, որը պետք է իրագործվի իշխանության եւ ընդդիմության երկխոսության միջոցով:
