Լեւոն Տեր–Պետրոսյանը դիմել է հացադուլավորներին

Կալանավայրերում հացադուլ հայտարարած անձնանց կոչով է դիմել Լեւոն Տեր–Պետրոսյանը։ Կոչում ասված է.

«Ապրիլի 9 ին, «քաղաքակիրթ» աշխարհի օրհնությամբ, Հայաստանում հաստատված ավազակապետական վարչախմբի մի պարագլխին փոխարինեց մեկ ուրիշը։ Փոխարինեց զանգվածային ընտրակեղծիքների, աննախադեպ բռնությունների, քաղաքական հալածանքների եւ խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպված սահմռկեցուցիչ սպանդի միջոցով։

Արեւմուտքը բավարարվեց հայաստանյան իրադարձություններին վերաբերող արտաքուստ խիստ, բայց իրականում դատարկ ու անպատասխանատու հայտարարություններով, կամա թե ակամա նպաստելով հանցագործ իշխանությունների վերարտադրությանը։ Եւրոպական կազմակերպությունները, առաջնորդվելով քաղաքական նկատառումներով եւ կրկնակի ստանդարտներով, բռնեցին ոչ թե ժողովրդավարության, ազատության եւ իրավական պետության գաղափարներով տոգորված Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, այլ անօրինական վարչախմբի կողմը։ Առերեւույթ կայունության ապահովման շահագրգռությամբ, բայց ծածկաբար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերը թուլացնելու նպատակով, Արեւմուտքը նախընտրեց մեր երկրում ունենալ խոցելի լեգիտիմությամբ օժտված բռնապետություն, քան ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն։

Անկախ, սակայն, միջազգային հանրության այս վրդովեցուցիչ վերաբերմունքից, ակնհայտ է, որ հայ ժողովուրդը, հավատարիմ մնալով ազատության եւ ժողովրդավարության գաղափարներին, չի համակերպվել եւ երբեւէ չի համակերպվելու իր կամքի բռնի ոտնահարման նմանօրինակ փաստի հետ։ Պատահական չէ, որ նորընծա բռնազավթչի երդման արարողությունը տեղի ունեցավ մի կողմից՝ ոստիկանության եւ բանակի ստվարախումբ գումարտակների սվինների ներքո, մյուս կողմից՝ համաժողովրդական ցասման ու բողոքի զանգվածային միջոցառումների ուղեկցությամբ։ Այդ միջոցառումների շարքում կարեւոր տեղ էր զբաղեցնում նաեւ բանտերում եւ ազատության մեջ գտնվող բազմաթիվ քաղաքական գործիչների ու ազատամարտիկների հայտարարած հացադուլը։

Գիտակցելով հանդերձ քաղաքական պայքարի այդ ծայրահեղ միջոցի կարեւորությունը եւ խորապես գնահատելով հացադուլավորների սխրանքը, ես այնուամենայնիվ կոչ եմ անում՝ այս պահից դադարեցնել հացադուլը։ Ձեր առողջությունը, անկոտրում կամքը եւ վճռականությունը անհրաժեշտ են համաժողովրդական պայքարի հետագա հանգրվաններում ավելի արդյունավետ ներդրվելու համար։ Ապրիլի 9 ը ոչ թե վերջը, այլ սկիզբն է այդ սրբազան պայքարի, որի դրսեւորման քաղաքական եղանակներն առաջիկայում հասանելի կլինեն մեր հասարակությանը։ Կասկած չունեմ, որ համաժողովրդական շարժման հարատեւությունը կստիպի նաեւ միջազգային հանրությանը՝ փոխելու իր վերաբերմունքը մեր պետության նկատմամբ։

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ»: