NON-GOVERNMENTAL ORGANIZATION
16 գործ արդեն դատարանում է
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ապրիլի 10-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 86 անձ, եւս 11 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 16 քրեական գործ՝ 16 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան:
Ըստ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է Լեւիկ Խաչատրյանի, Դավիթ Առաքելյանի եւ Կառլեն Մանուչարյանի մասով նախաքննությունը եւ նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ եւ ուղարկվել դատարան: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Լ.Խաչատրյանին եւ Դ.Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Լ.Խաչատրյանի եւ Դ.Առաքելյանի վերաբերյալ քրեական գործերն ապրիլի 10-ին ուղարկվել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Մեկ այլ քրեական գործով պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Կ.Մանուչարյանն անմիջական մասնակցություն է ունեցել բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային եւ մասնավոր գույքի ոչնչացմամբ, հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով ուղեկցված, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին՝ քարերով ու փայտերով հարվածելով հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկաններին:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Կ.Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Հաշվի առնելով, որ Կ.Մանուչարյանը երկրորդ կարգի հաշմանդամ է՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, դատախազի ցուցումով, նախաքննական մարմինը փոխել է չբացակայելու մասին ստորագրությամբ: Քրեական գործն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան՝ ըստ էության քննելու համար:
