Քրեական գործ Մանվել Գրիգորյանի դեմ

ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ պաշտպանության
նախկին նախարար գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա օգնականի նկատմամբ քրեական գործ է
հարուցվել սպանության սպառնալիքի կասկածով:

«Ապրիլի 6-ին «Արմավիա» ընկերության ներկայացուցչական ծառայության պետ Արա
Մարուքյանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդագրություն է ստացվել այն
մասին, որ Մանվել Գրիգորյանը եւ նրա օգնական Զոհրաբ Գալստյանը նույն օրը զանգահարել
եւ սպառնացել են իրեն, որ կսպանեն ինչպես իրեն, այնպես էլ իր ընտանիքի անդամներին»,
- պարզաբանում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Ոստիկանության գլխավոր քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական
օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով՝ «սպանության, առողջությանը ծանր վնաս
պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը»: Կատարվում է նախաքննություն,
ճշտվում են հանգամանքները: Որեւէ մեկին մեղադրանք ներկայացված չէ:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը անցած նախագահական ընտրություններում պաշտպանում
էր Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նա Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պաշտպանության
փոխնախարարի պաշտոնից ազատվեց ապրիլի սկզբին: