NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մեկը դուրս եկավ հացադուլից, 9-ը միացան
<Հանրապետություն> կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը դադարեցրել է 10 օրից ավելի տեւած հացադուլը: Այս մասին հայտարարել է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:
Մինչ այդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն էր տեղեկացրել, որ վատացել է Սուրեն Սուրենյանցի առողջական վիճակը, վատ է նաեւ, որ շաբաթ է, վաղը` կիրակի, եւ փաստաբանը, փաստորեն, չի կարողանա հանդիպել Սուրենյանցի հետ:
<Մենք ուղղակի խնդրում ենք, որ այն մարմինները, որոնք պարտավոր են Սուրենյանցին օգնություն ցույց տալ, հետեւեն նրա առողջական վիճակին, որպեսզի անընդհատ ուշադրության տակ պահեն նրան>, - ասել էր Խաչատրյանը:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը վստահեցրեց, որ Սուրենյանցը գտնվում է բժիշկների հսկողության տակ, եւ նրա առողջական վիճակը բավարար է:
Իսկ Հրազդանի Վանատուր թաղամասում ի պաշտպանություն Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի հացադուլը շարունակում է ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը: Արշավիր Բոզինյանը լրագրողներին տեղեկացրել է, որ Սասուն Միքայելյանի կինը` Անուշ Միքայելյանը, իրեն խնդրել է դադարեցնել հացադուլը, սակայն ինքը հրաժարվել է դադարեցնել հացադուլը: <Կտեսնեմ` եթե վիճակս վատանում է, ինչ-որ բժշկական միջամտություն կանեմ, նորից ես իմ հացադուլը մինչեւ վերջ կշարունակեմ: Ճնշումս է մի քիչ ընկած> - ասաց Բոզինյանը:
Ի դեպ, ազատամարտիկ Արշավիր Բոզինյանի` 14-րդ օրը շարունակվող հացադուլին երկուշաբթի միացան եւս 9 ազատամարտիկներ: Նրանք առայժմ 3-օրյա հացադուլ են հայտարարում, իսկ այդ ժամկետում իրենց պահանջները չկատարելու դեպքում կհայտարարեն անժամկետ հացադուլ:
