NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատախազությունը կրկին հերքում է
Հայաստանյան մի շարք թերթերում հրապարակումներ են եղել, իսկ տարբեր կայքերում տեսագրություններ են տեղադրված, համաձայն որոնց մարտի 1-ի գիշերը ոստիկանականա «Վիլիս» մեքենան վրաերթի է ենթարկում մի քաղաքացու եւ արագ հեռանում։ Այս առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ ոստիկանության ավտոմեքենայի կողմից ցուցարարների վրաերթի ենթարկելու մասին շրջանառվող լուրերի շուրջ ձեւավորված հասարակական մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ նախաքննությամբ այդ լուրերը չեն հաստատվել:
«Գլխավոր դատախազությունը վերահաստատում է, որ նախաքննական մարմինը ստուգել է ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված հաղորդագրությունները` 2008թ. մարտի 1-ին և 2-ին հիվանդանոցներ դիմած անձանց վերաբերյալ, որոնց թվում չի հայտնաբերվել Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում վրաերթի հետևանքով վնասվածք ստացած որևէ անձ: Նման մարմնական վնասվածքներ չկան նաեւ այն 14 քաղաքացիական անձանց թվում, ովքեր առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դիմել են փախուստի՝ բժշկական կենտրոններին իրենց ինքնության եւ բնակության վայրի մասին տրամադրելով կեղծ տեղեկություններ», ասված է դատախազության տարածած հայտարարության մեջ:
Միաժամանակ դատախազությունը առաջարկում է. «Եթե կան լրատվամիջոցներ կամ ֆիզիկական անձինք, ովքեր ունեն իրական տեղեկություններ վերջին շրջանում բավական շահարկված վրաերթի վերաբերյալ, ապա, խնդրում ենք, դրանք տրամադրել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ ստուգելու եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար»:
Մարտի 1-ի դեպքերից հետո պետական տարբեր կառույցների տարածած հայտարարությունների մեջ տուժածների մասին տեղեկություններում ակնհայտ հակասություններ կային։ Ապրիլի 2-ին ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 210 ոստիկան և զինծառայող, 55 քաղաքացիական անձ: Մարմնական վնասվածքներ ստացած 210 ոստիկաններից եւ զինծառայողներից 134 –ը ստացել են բեկորային եւ հրազենային վնասվածքներ, 10-ը թունավորվել գազերից, 6-ը ստացել սալջարդեր:
Մարմնական վնասվածքներ ստացած 55 անձանցից 15-ը՝ ստացել են բեկորային եւ հրազենային վնասվածքներ, որոնցից 5-ը՝ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հիվանդանոցից դիմել են փախուստի: Ընդհանուր առմամբ՝ նշված 55 քաղաքացիներից առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հիվանդանոցներից փախուստի է դիմել եւ իրենց ինքնության, բնակության վայրի վերաբերյալ կեղծ տվյալներ են ներկայացրել 14 անձ: Նախաքննական մարմինը միջոցներ է ձեռնարկում նշված 265 անձի ստացած մարմնական վնասվածքների հանգամանքները պարզելու ուղղությամբ:
