NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հացադուլավորներ դեռ կան
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում երեկ հացադուլ հայտարարած մոտ երեք տասնյակ կալանավորների կեսը այսօր շարունակում է հացադուլը: Արդարադատության նախարարության տվյալներով՝ ապրիլի 3-ի ժամը 14:00-ի դրությամբ հացադուլը շարունակում է 16 կալանավոր:
Հացադուլը շարունակողների թվում են Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը:
14 կալանավոր հրաժարվել է հացադուլից: Նրանցից շատերը, սակայն, նախօրոք հայտարարել էին, որ ապրիլի 2-ին մեկօրյա հացադուլ են անելու, իսկ իրենց պահանջների չկատարման դեպքում ապրիլի 9-ից անժամկետ հացադուլ են հայտարարելու:
Հիշեցնենք, որ հացադուլ հայտարարած անձանց ներկայացվել է սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւանում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու մեղադրանք։ Իսկ նրանք պահանջում են հանել մեղադրանքը եւ ազատ արձակել իրենց:
