NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հացադուլ է հայտարարել արդեն երեք տասնյակ կալանավորված եւ դատապարտյալ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւանում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորված մոտ 3 տասնյակ մարդ հացադուլ է հայտարարել:
Այս անձինք պահվում են երեք քրեակատարողական հիմնարկներում:
Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հաղորդագրության համաձայն, ապրիլի 2-ի ժամը 13:00-ի դրությամբ հացադուլ հայտարարելու դիմումներ են ներկայացրել 29 կալանավորվածներ եւ դատապարտյալներ, մեկը` Ալեքսան Վարդանյանը, հայտնել է հացադուլից դուրս գալու մասին:
Հացադուլ հայտարարածների թվում են Ազգային ժողովի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը եւ Սասուն Միքայելյանը: Մարտի 24-ից Նուբարաշեն հիմնարկում հացադուլի մեջ է Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նույն հիմնարկում այսօրվանից նրան է միացել եւս 14 կալանավորված:
Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում այսօր հացադուլ հայտարարած 10 կալանավորվածների թվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը, Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, խորհրդարանի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, ազգային անվտանգության նախարարի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը եւ այլոք:
4 կալանավորվածներ հացադուլի մասին հայտարարություն են տվել Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում:
Հացադուլ հայտարարած կալանավորները նշել են <Եթե անհապաղ չվերանայվեն մեզ մեղսագրված հանցագործությունները, մենք` քաղաքական բանտարկյալներս, ապրիլի 2-ից մեկօրյա հացադուլ ենք հայտարարելու, իսկ ապրիլի 9-ից` անժամկետ>:
