NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մեղադրանք է առաջադրվել ԸԸՀ նախագահին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 13/10 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2008 թվականի փետրվարի 23-ին՝ Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, ՀՀ Նախագահի թեկնածուների վստահված անձանց, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, միջազգային դիտորդի, ինչպես նաեւ թիվ 13/10 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ կատարվել է քվեարկության արդյունքների վերահաշվարկ:
Վերահաշվարկի ընթացքում ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկված քվեաթերթիկների ծրարում հայտնաբերվել է նախագահի մեկ այլ թեկնածու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին կողմ քվեարկված 151 քվեաթերթիկ: Թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Մկրտումյանը, արձանագրված անճշտությունը թաքցնելու նպատակով, կեղծել է վերահաշվարկի արդյունքները: Այն է՝ հանձնաժողովի անդամներից եւ դիտորդներից գաղտնի թաքցրել է ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին կողմ քվեարկված 146 քվեաթերթիկների պարունակությամբ ծրարը, իսկ վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ արձանագրությունը հաստատել է՝ չմտցնելով թաքցրած ծրարում առկա 146 քվեաթերթիկների վերաբերյալ տվյալները:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ թիվ 13 ԸԸՀ նախագահ Ս.Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով: Ս.Մկրտումյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը եւ տվել խոստովանական ցուցմունքներ: Քրեական գործն ուղարկվել է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
