NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԵԽ–ում անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը
2005 թվականից՝ իր ձեւավորման օրվանից առայսօր Եվրոպայի Խորհրդի Ագոյի խումբը բազմաթիվ այցեր է կատարել Հայաստան, բայց այս անգամ Հայաստան է ժամանել աննախադեպ մեծ կազմով՝ Եվրոպայի Խորհրդի 9 անդամ երկրի պատվիրակների: Խումբը հանդիպել է ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմադիր գործիչների։ Խմբի ղեկավար Պեր Սյորգենը, ուշագրավ հայտարարություններ է արել:
Պեր Սյորգեն նշել է, որ այցելությունը մի ժամանակահատվածում է, որը Հայաստանի համար «ազգային իրավիճակի տեսանկյունից, դժվար է»: Եվրոպացի դիվանագետը նշել է, որ Հայաստանը դիտում են որպես Եվրոպայի Խորհրդի անդամ կարեւոր երկիր, տարածաշրջանային կարեւոր երկիր, գործընկեր երկիր, եւ այդ իսկ պատճառով իրենց համար հետաքրքրական է այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանում եւ իրենք կարեւոր են համարում քաղաքական ճանապարհով դրա հաղթահարումը եւ երկրի վերադարձը ժողովրդավարական ուղի:
Դրան է ուղղված Ագոյի խմբի վեց կետ ունեցող առաջարկը: Առաջին կետը վերաբերում է Կենտրոն քրեակատարողական հիմնարկում պահվող այն անձանց, որոնք ձերբակալվել են հետընտրական ժամանակահատվածում եւ մասնավորապես մարտի 1-ի իրադարձությունների պատճառով եւ զրկված են իրենց հարազատների հետ շփումից: Խումբը դա պարզել է այցելելով Կենտրոն քրեակատարողական հիմնարկ: Այդ խնդիրը լուծելու համար նրանք հարցը հասցրել են ՀՀ արդարադատության նախարարին, եւ ստացել հավաստիացում, որ այսօր արդեն համապատասխան մարմինները ձեռնամուխ կլինեն մարդասիրական այդ հարցի լուծմանը:
Եվրոպացիները առաջարկի հաջորդ կետով սատարում են միջազգային բոլոր կազմակերպությունների կոչերին, որ վերաբերում են քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձանց ազատ արձակմանը: Պեր Սյորգենի խոսքով, Հայաստանը ԵԽ անդամ երկիր է, իսկ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրի համար անընդունելի է ունենալ քաղաքական բանտարկյալներ: Եվրոպացի դիվանագետը նշում է, որ դա հակասում է ԵԽ անդամակցությանը եւ եվրոպական կոնվենցիաներին:
Ագոյի Խմբի առաջարկներից երրորդով ՀՀ Արդարադատության նախարարին հորդոր է հղվում ձերբակալվածների ազատ արձակման եւ ձերբակալվածների հանդեպ դատական ընթացարակգերի վերաբերյալ կանոնավոր տեղեկություներ տրամադրել մասնավորաբար Ագոյի խմբին: Ընդհանրապես, քաղաքական հայացքների համար դատապարտվածներին ազատ արձակելու մասին Ագոյի խմբի ղեկավարն ասում է, որ դա կոչ է «եւ բավական ուժեղ կոչ է, եվ ակնհայտ է, որ այդպես պետք է լինի, եւ այդ հարցը պետք է հրատապ լուծում ստանա»: Եվրոպացի դիվանագետը նշում է, որ Հայաստանում համենայն դեպս իրենց հավաստիացրել են, որ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր, թեեւ մանրամասները չեն քննարկվել:
Առաջարկների չորրորդ կետով Ագոյի խումբը իր սատարումն է հայտնում մարտի 1-ի իրադարձությունների անկողմնակալ, «ազգային հետաքննությանը»: Հետաքննության մանրամասները Պեր Սյորգենն իրենց գործը չի համարում, սակայն ասում է, որ այն պետք է լինի ոչ թե մեկ մարմնի, ասենք գլխավոր դատախազության կողմից իրականացվող, այլ ազգային, ընդգրկուն, լայն վստահության դաշտ ապահովող քննություն:
Ագոյի խմբի առաջարկների հինգերորդ կետը երթերի, ցույցերի, հավաքների մասին օրենքում կատարված փոփոխություններին է առնչվում։ Հիշեցնենք, որ այս փոփոխությունները ընդունվեցին արտակարգ դրության ժամանակ եւ ըստ այս փոփոխությունների, ըստ էության, արգելվում է Հայաստանում անցկացնել երթեր, ցույցեր, հանրահավաքներ: Ագոյի խմբի ղեկավարը ափսոսում է, որ այդ օրենքն ընդունվեց առանց Վենետիկի հանձնաժողովի փորձաքննության: Սակայն, Ագոյի խումբը նաեւ նկատում է, որ Վենետիկի հանձնաժողովը հրատապ փորձաքննության է ենթարկել արդեն ընդունված օրենքը եւ ունի քննադատական գնահատականներ, որոնք արդեն ներկայացրել են արդարադատության նախարարությանը: Ագոյի խումբը ստացել է հավաստիացում, որ այդ դիտողությունները կառավարությունը կներկայացնի Ազգային ժողովին:
Առաջարկության եզրափակիչ՝ վեցերորդ կետով Ագոյի խումբը կողմ է արտահայտվում երկխոսության, իշխանության ու ընդդիմության առանց նախապայմանի երկխոսության սկսելուն:
