Գեւորգ Դանիելյանը պարզաբանել է

ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է որ մարտի 31-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խումբը հանդիպել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին:

Պատվիրակության կազմը ներկայացրել է հետևյալ հարցադրումները` ա) իրենց մերձավոր ազգականների հետ ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունների արգելանքի հիմքերը, բ) մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետ կապված ձերբակալված և կալանավորված անձանց ազատ արձակելու հնարավորությունը, գ) վերջերս ընդունվա «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիմնավորվածությունը, դ) մարտի 1-ի զանգվածային անկարգությունների անկողմնակալ և թափանցիկ քննությունն ապահովելու և հետագա քննության վերաբերյալ հաղորդումներ ուղարկելու հնարավորությունը և ե) ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, առանց որևէ նախապայմանի, իշխանությունների կողմից երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը:

Հնչել են նաև հայտնաբերված զենքի քանակի, տեսակի և կիրառման եղանակների վերաբերյալ հարցեր:

Արդարադատության նախարարի կողմից պարզաբանումներ են տրվել այն մասին, որ մերձավոր ազգականների հետ տեսակցության իրավական հիմքերն ամրագրված են «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով, որի համաձայն միայն քրեական վարույթն իրականացնող մարմինը կարող է արգելել այդ տեսակցությունները: Միաժամանակ, իրազեկվել է, որ սահմանափակ դեպքերում է այդպիսի որոշում կայացվել: Ընդ որում, այդ արգելանքը չի վերաբերել մարդու իրավունքների պաշտպանին և կարող է վերանայվել:

Խմբին պարզաբանում է տրվել այն մասին, որ ձերբակալման և կալանավորման համար հիմք է հանդիսացել ոչ թե որևէ քաղաքական նկատառում, այլ կոնկրետ քրեական հանցագործություն կատարելու փաստը: Ընդ որում, խոսքը հիմնականում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մասին է: Այս առնչությամբ պատվիրակության ղեկավար պարոն Պեր Սյորգենը ևս հավաստեց, որ նման դեպքերում անտեղի է խոսել քաղաքական հետապնդումների մասին:

Քանի որ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առնչությամբ առկա է Վենետիկյան հանձնաժողովի եզրակացությունը, արդարադատության նախարարի կողմից պատրաստակամություն հայտնվեց հանգամանորեն քննարկելու այն:

Միաժամանակ, իրազեկվեց, որ այդ օրենքում բացակայում է այնպիսի դրույթ, որը հայտնի չլիներ Եվրամիության անդամ երկրների օրենսդրությանը: Ավելին, ընտրվել են խաղաղ ժողովների ազատությունը սահմանափակող համեմատաբար մեղմ ընթացակարգեր, քան այդպիսիք առկա են նույն երկրների ազգային օրենսդրությամբ:

Երկխոսության առնչությամբ խումբն իրազեկվել է, որ նորընտիր Նախագահ պարոն Սերժ Սարգասյանի կողմից բազմիցս հստակ և անվերապահ պաշտոնական հայտարարություններ են եղել, ինչին արդեն իսկ արձագանքել են մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր: Նույնիսկ այն դեպքում, երբ ընդդիմադիր որոշ քաղաքական ուժեր միանշանակ ժխտում են քաղաքական երկխոսությունը, հերքում նաև միջազգային կառույցների դիտորդական առաքելության անաչառությունը և, ընդհանրապես, անվսատահություն ու ժխտողական կեցվածք դրսևորում իրենց հետ անհամամիտ ցանկացած ուժի նկատմամբ, իշխանությունը պատրաստ է անվերապահ քաղաքական երկխոսության: