Սուրեն Սուրենյանցը հացադուլ է հայտարարել

Ինչպես հայտնի է, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը ձերբակալվել է փետրվարի 25–ի երեկոյան, Ազատության հրապարակի մատույցների, Օպերա ակումբի մուտքի հատվածում: Նրան մեղադրում են Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասի օրենքի պահանջը խախտելու համար:

Սուրեն Սուրենյանցի շահերի պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանը մարտի 24-ին տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը մարտ 24–ի առավոտյան Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը գրավոր հայտարարություն է ներկայացրել մարտի 24–ից հացադուլ սկսելու մասին: Սուրենյանցը նշել է, որ օգտվել է իր սահմանադրական իրավունքից եւ ազատությունից, քրեորեն հետապնդելի որեւէ հանցանք չի կատարել, եւ դրա համար պահանջում է անհապաղ դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումը եւ ազատ արձակել իրեն:

Իսկ քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը ռադիոկայանին հաղորդել է, որ Սուրեն Սուրենյանցի հայտարարությունն ընդունվել է ի գիտություն եւ ձեռնարկվել են այդօրինակ դեպքերի համար նախատեսված միջոցառումներ, մասնավորապես, Սուրենյանցը տեղափոխվել է առանձին խուց: