NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԳԱԼԱ հեռուստաընկերության համար արդեն հանգանակվել է մոտ 9 միլիոն դրամ
Գյումրիում մարտի 19-ի ժամը 23:00-ի դրությամբ շարունակվում է ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը ֆինանսապես աջակցելու դրամահավաք-մարաթոնը: Մարաթոնին մասնակցում են Գյումրու, Արթիկի, Մարալիկի, Շիրակի մարզի մի քանի տասնյակ գյուղական համայնքների, Վանաձորի, Երեւանի եւ Հայաստանի մի շարք այլ բնակավայրերի գնակիչներ, ընկերություններ, գործընկերներ: Երեւանից մի գործարար, որ կամեցել էր անհայտ մնալ, անձամբ եւ կանխիկ մեկ միլիոն դրամ է բերել ու հանձնել Վահան Խաչատրյանին:
Ժամը 23-ին մարաթոնի օրվա արդյունքների մասին խոսելով Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության Շտաբի համակարգող Լեւոն Բարսեղյանը տեղեկացրեց, որ այդ պահի դրությամբ հանգանակվել է 8.075.000 դրամ, որից 1.100.000-ը` գտնվում է բանկային հաշվի վրա (ժամը 17-ի տվյալներով): Այդ պահի հանգանակված գումարի չափը կազմում է հարկայինի նկարած եւ դատավոր Էդ.Նահապետյանի վերանկարած գումարի 32,15 տոկոսը:
Հեռախոսային իրազեկումներ կան Մոսկվայից, Աթենքից, Ստոկհոլմից, Ամստերդամից, Բրյուսելից, որ այնտեղից մի շարք դրամական փոխանցումներ են եղել ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության համար հիմնադիր Վահան Խաչատրյանի անունով բացված հաշվեհամարին: Մարտի 20-ին կեսօրն անց Յունիբանկից կստացվեն բանկային փոխանցմամբ ստացված գումարների ճշգրիտ չափերի մասին տեղեկությունները:
Ժամը 23-ի դրությամբ Հեռուստաընկերությունում հարցազրույցներով ելույթ են ունեցել մոտ 60 հոգի. մշակույթի, արվեստի, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, հյուրեր Շիրակի մարզի այլ բնակավայրից, Երեւանից, Վանաձորից եւ այլք:
Նվիրատուների թիվն արդեն անցնում է 750-ից: Արտերկրից արվող եւ արված փոխանցումների մասին տեղեկությունները կտարածվեն աշխարհով մեկ` դրանք բանկից ստանալուն պես:
