Հայտարարություն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարեկու վերաբերյալ

Հայաստանի հանրապետության Ազգային ժողովը մարտի 17-ի ուշ երեկոյան ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխությունները, ինչի առթիվ infoarmenia.com կայքը հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ ասվում է։

«Հայաստանի հանրապետության Ազգային ժողովը մարտի 17-ի ուշ երեկոյան ընդունեց Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխությունները, ինչի առթիվ հայտարարություն է տարածել համաժողովրդական շարժման կենտրոնը։ Հայտարարության մեջ ասվում է.

Ապօրինի մտցված արտակարգ դրության ժամկետի սպառումից երեք օր առաջ Հայաստանում իշխող վարչախումբը հապշտապ ու արագացված կարգով ձեռնամուխ եղավ «Ժողովներ, հանրահավաքներ, եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն։

Այդ փոփոխությունները խախտում են Եվրոպայի Խորհրդի Վենետիկյան հանձնաժողովի հետ համաձայնեցված գործող օրենքի սկզբունքները եւ հնարավորություն են տալիս կամայականորեն արգելել ցանկացած զանգվածային միջոցառում։ Դրանով կոպտորեն խախտվում են ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ համապատասխան միջազգային կոնվենցիաներով ընդունված, մարդու իրավունքների եւ ազատությունների կարեւորագույն նորմերը, ազատ հանրահավաքների հիմնարար իրավունքը։

Անսքող է իշխանությունների՝ հակասահմանադրական այս օրենքի ընդունման հետ կապված ցինիզմն ու անբարոյականությունը. իրենք հարձակվում են խաղաղ ցուցարարների վրա, ջարդում նրանց, սադրանքներ կազմակերպելով գնդակահարում անմեղ ու անզեն մարդկանց, ապա սեփական հանցագործությունները հիմք դարձնելով` սահմանափակում նույն այդ ցուցարարների ազատ հավաքվելու իրավունքը։

Իշխանությունը սարսափած է, որ իր ապօրինի գործողություններից՝ մարտի 1-ին խաղաղ նստացույցը դաժանաբար ցրելուց, նրա մասնակիցների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելուց, կատարած մարդասպանություններից, հարյուրավոր ձերբակալություններից հետո ոչ թե ոչնչացրել, այլ բազմապատկել է Շարժման պոտենցիալը եւ իր նկատմամբ համաժողովրդական ատելությունը։ Վարչախումբը հասկանում է, որ իր գործունեությունը հնարավոր է միմիայն արտակարգ դրության պայմաններում, ուստիեւ սույն օրենքով պարզապես խուճապահար հավերժացնում է արտակարգ դրությունը Հայաստանում։

Չենք կասկածում, որ միջազգային հանրությունն ու նրա իրավասու կառույցները համարժեք գնահատական կտան ոչ միայն սեփական ժողովրդին խեղդելուն, այլ նաեւ համամարդկային արժեքները անարգելուն ուղղված այս քայլին։

Ոչ մի ժողովուրդ չի ընդունի նման անարգանք ու կապանքներ։ Առավել եւս՝ հայ ժողովուրդը, որը վերջին կես տարում համաժողովրդական պայքարի գնով վերագտել է իր արժանապատվությունն ու ազատության ձգտումը։ Նման պայմաններում ժողովրդի լիակատար իրավունքն է՝ զանց առնել ապօրինի արգելքը, եւ ինքնուրույն վերահաստատել միջազգայնորեն սահմանված, իր երկրի Սահմանադրությամբ վավերացված, հանրահավաքներ անելու իր ազատությունը։»