NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կպարզվեն ֆիզիկական ուժ գործադրելու հանգամանքները
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, կարեւորելով անձանց մահվան եւ մարմնական վնասվածքներ ստանալու բոլոր դեպքերի հանգամանքների լիարժեք բացահայտումը, քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման անհրաժեշտությունը, կասկածյալի եւ մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, ինչպես նաեւ նրանց արդարացնող, նրանց պատասխանատվությունը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքների պարզաբանումը՝ ՀՀ գլխավոր դատախազը 07.03.08թ. գրավոր ցուցում է տվել քննչական խմբի ղեկավարին՝ քննության շրջանակներում բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ պարզել այդ թվում ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն գործադրելու բոլոր հանգամանքները՝ ներառյալ յուրաքանչյուր դեպքում այդպիսիք գործադրելու կամ գործադրումից ձեռնպահ մնալու հիմքերն ու հիմնավորումները:
Նախաքննական մարմնի առջեւ խնդիր է դրվել պարզել ֆիզիկական հարկադրանքի կամ ուժի ենթարկված անձանց, ինչպես նաեւ գործադրված հատուկ միջոցների տեսակը, եղանակը, հետեւանքը, հարկադրանքի ենթարկված անձի գործողությունները ֆիզիկական ուժ կամ այլ հարկադրանք կիրառելու պահին, հրազեն գործադրման յուրաքանչյուր դեպքում՝ հրազենի տեսակը, տրամաչափը, գործարանային համարը, հաշվառման վայրը, հրազենն ու ռազմամթերքն ստանալու եւ ապա հանձնելու տեղն ու ժամը, կրակոցների արձակման ռեժիմը, նպատակաուղղվածությունը, ուղղությունը, հատկացված եւ վերադարձված փամփուշտների քանակը:
