Եվս մեկ գործ դատարանում

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 22/21 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Գավառ քաղաքի թիվ 22/21 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հայթյանը, անձնական դրդապատճառներով, չարաշահել է դիրքը եւ կազմել քվեարկության արդյունքների վերաբերյալ կեղծ արձանագրություն:

Մասնավորապես՝ ՀՀ Նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը օրենքով սահմանված կարգով կազմելուց, հաստատելուց եւ քվեաթերթիկների կնքված պարկը ոստիկանության աշխատակցի ուղեկցությամբ ընտրատարածքային հանձնաժողով տեղափոխելուց հետո, ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց՝ Սամվել Կարապետյանի եւ Սիմոն Ամիրխանյանի առաջարկով նշված թեկնածուի օգտին միանձնյա կազմել է ակնհայտ սխալ, աղավաղված տվյալներով նոր արձանագրություն: Կեղծված արձանագրության մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստացած 41 ձայնի փոխարեն Հ.Հայթյանը գրել է 600, ապա կեղծիքը քողարկելու և դրա հնարավոր բացահայտման դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին պատասխանատվությունից զերծ պահելու նկատառումներով որոշակի անճշտություններ է մտցրել նաև այլ թեկնածուների ստացած ձայներում՝ Վ.Հովհաննիսյանի 63 ձայնը դարձնելով 100, իսկ ԱՍարգսյանի 369 ձայնը՝ 500։ Արձանագրության թվական տվալները համապատասխանեցնելու նպատակով ավելացրել է նաեւ քվեարկության մասնակիցների թիվը (1069-ից 1766), պակասեցրել մարված ու անվավեր քվեաթերթիկների քանակը (համապատասխանաբար 925-ը դարձնելով 228, իսկ 341-ը՝ 4)։

Կեղծված տվյալներով արձանագրությունը Հ.Հայթյանը կնքել է հանձնաժողովի կնիքով եւ ստորագրել հանձնաժողովի անդամների, նրանց թվում՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի, քարտուղարի փոխարեն, ապա` հանձնել ընտրատարածքային թիվ 22 ընտրական հանձնաժողով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հ.Հայթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով, իսկ Ս.Կարապետյանին եւ Ս.Ամիրխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-150-րդ հոդվածով: Հ.Հայթյանը, Ս.Կարապետյանը եւ Ս.Ամիրխանյանն ընդունել են առաջադրված մեղադրանքը եւ զղջացել կատարած արարքի համար:

Քրեական գործը 12.03.08թ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: