NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԱՄՆ–ը եւ Կանադան դեմ են իրավունքների սահմանափակմանը
Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը մարտի 5-ին տարածել է մի հայտարարություն, ուր նշված է. որ խորհուրդը խստորեն դեմ է Հայաստանում անկախ լրատվամիջոցների գործունեության սահմանափակմանը:
«Մարտի 2-ին ուժի մեջ մտած արտակարգ իրադրության կանոնների համաձայն՝ լրատվամիջոցները ներքաղաքական խնդիրները լուսաբանելիս պարտավոր են օգտվել միայն պաշտոնական աղբյուրներից: «Ամերիկայի ձայն» հեռուստակայանի հայկական ծրագիրը եւ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծրագրերը այլեւս չեն հեռարձակվում տեղական կայաններով: Ավելին, ինտերնետային հասանելիությունը սահմանափակվել է՝ որպես կառավարության այն ջանքերի մի մաս, որոնք ուղղված են լուրերի եւ տեղեկատվության վերահսկողությանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական ճգնաժամը խորացել է փետրվարի 19-ի վիճարկվող ընտրություններից հետո։ Գրաքննությունը եւ լրատվամիջոցների վրա ճնշումները հակասում են ժողովրդավարությանը։ Մեր հեռարձակողները ցանկանում են ծառայել Հայաստանի լսարանին՝ տրամադրելով նրանց հավաստի լուրեր եւ տեղեկատվություն այս կրիտիկական պահին: Ցավոք, դա այս պահին հնարավոր չէ՝ եթե դու ինտերնետի համբերատար եւ ցանցի բոլոր հնարավորություններից օգտվող այցելու չես»,- ասել է ԱՄՆ-ի ոչ ռազմական միջազգային հեռարձակումները վերահսկող Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի նախագահ Ջեյմս Ք. Գլասմանը:
Շաբաթավերջի բռնությունների ընթացքում ոստիկանության կողմից Երեւանում ծեծի էր ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի վարորդը` թեեւ ներկայացել էր որպես լրատվամիջոցի աշխատակից, իսկ «Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակցուհին, ով նույնանման ցույց էր լուսաբանում, ներքին զորքերի կողմից քաշքշոցի ու սպառնալիքների էր ենթարկվել:
Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը անկախ դաշնային մարմին է, որը վերահսկում է Միացյալ Նահանգների կառավարության աջակցությունը վայելող միջազգային հեռարձակումը` ներառյալ «Ամերիկայի ձայն»-ը, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը: Իր հեռարձակման ծառայությունների միջոցով Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը ԱՄՆ-ի եւ երկրի ղեկավարության համար ապահովում է անմիջական կապ 155- միլիոնանոց լսարանի հետ ամբողջ աշխարհում:
Ներկայումս խորհրդի անդամների թվում են Ջեյմս Գլասմանը, Խոակին Բլայան, Բլանկետա Քուլումը, Դ. Ջեֆրի Հիրշբրեգը, Էդվարդ Կաուֆմանը եւ Սթիվեն Սիմոնսը: Ի պաշտոնե խորհրդի անդամ է Միացյալ Նահանգների պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը:
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Թոմ Քեյսին իր հերթին մտահոգություն է հայտնել մամուլի, այդ թվում նաեւ «Ազատություն» ռադիոկայանի նկատմամբ Հայաստանում կիրառվող սահմանափակումների եւ արգելքների առթիվ:
Պետդեպարտամենտի խոսնակը ասել է, թե Միացյալ Նահանգները կցանկանար, որ այդ սահմանափակումները հանվեն. - «Դա կարեւոր է ոչ միայն մեզ համար, այլեւ առավել կարեւոր է Հայաստանի ժողովրդի համար այս շրջանում ունենալ ազատ տեղեկատվությանը հասու լինելու հնարավորություն»:
Իսկ ահա Կանադայի արտգործնախարար Մաքսիմ Բերնիեն այսօր կոչ է արել Հայաստանի իշխանություններին վերացնել արտակարգ իրադրությունը եւ հարգել ցուցարարների «հիմնարար ազատությունները»:
«Ամենուրեք մարդկանց ժողովրդավարական իրավունքն է՝ հավաքվել եւ հայտնել իրենց տեսակետները, քանի դեռ դա արվում է խաղաղ ճանապարհով։ Մենք հորդորում ենք Հայաստանի կառավարությանը հարգել այդ հիմնարար ազատությունները` հնարավորինս շուտ վերացնելով արտակարգ իրադրությունը։ Կանադան հորդորում է բոլոր քաղաքական հայացքների տեր հայաստանցիներին՝ իրենց առկա տարաձայնությունները հարթել իրենց ժողովրդավարական հաստատությունների շրջանակներում», - ասված է Կանադայի արտգործնախարարի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ոչ մի պատճառ չի տեսնում արտակարգ իրավիճակը ժամկետից շուտ վերացնելու կամ այն երկարաձգելու համար։
