NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Վանաձորում արտակարգ դրություն չէ, բայց...
Թեեւ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով արտակարգ դրություն հայտարարված է միայն Երեւանում, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դանիելյանը արգելել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին հանրահավաք անցկացնել։ Արթուր Սաքունցը մտադիր էր հանրահավաքներ անցկացնել մարտի 6–ին, 7-ին, 8–ին, քաղաքի Արցախի պուրակում՝ մարդկանց իրազեկելու թե ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Սակայն քաղաքապետն ու քաղաքի ավագանին որոշել են, որ կազմակերպվող հանրահավաքը կարող է Երեւանում առկա լարվածությունը տեղափոխել նաեւ Վարաձոր. «հաշվի առնելով, Վանաձոր քաղաքի բնակչության մտավախությունը, որ կազմակերպվող հանրահավաքը կարող է հանգեցնել անկանխատեսելի եւ մարդկանց կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող հետեւանքների որոշում եմ արգելել անցկացնել հանրահավաք»։
Այս որոշումը ստանալուց հետո Արթուր Սաքունցը հայտարարել է. «Փաստորեն Վանաձորում իրավապահ մարմինները ֆիքսում են, որ իրենք անզոր են կանխելու հանրահավաքների ընթացքում մարդկանց առողջությանը եւ կյանքին վտանգ սպառնալու հավանականությունը։ Ես չգիտեմ, թե ինչ օպերատիվ տվյալներ են ձեռք բերել իրավապահ մարմինները, բայց սա մտացածին է։ Կարծում եմ, որ այս որոշմամբ Վանաձորի քաղաքապետը, ավագանու անդամները խախտել են Վանաձորի քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը, հանրահավաքներ անցկացնելու իրավունքը, չունենալով որեւէ իրավական հիմք»։
Արթուր Սաքունցը մտադիր է դատարանում բողոքարկել քաղաքապետի որոշումը։
