NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՄԱԿ–ում մտահոգված են Հայաստանի իրավիճակով
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է շաբաթվա վերջին ոստիկանական ուժերի եւ ցուցարարների միջեւ Հայաստանում տեղի ունեցած կատաղի բախումների առիթով: Նա հույս ունի, որ այս իրադարձությունները, որոնց ընթացքում 8 մարդ է մահացել, մանրամասնորեն կհետաքննվեն, տեղեկացնում է ՄԱԿ–ի հանրային տեղեկատվության վարչության Հայաստանյան գրասենյակը:
Գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր կողմերին լիակատար զսպվածություն ցուցաբերել եւ ընթացիկ ճգնաժամից դուրս գալու ուղիներ որոնել: Նա նաեւ Հայաստանի իշխանություններին հորդորում է բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել նորմալ վիճակին վերադառնալու համար, ներառյալ արտակարգ իրավիճակի անհապաղ վերացումը:
Իսկ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Լուիս Արբըրն ասել է, որ նա խորապես անհանգստացած է շաբաթ օրը ցույցերի հետեւանքով ութ զոհվածների եւ բազմաթիվ վիրավորների փաստերով Հայաստանի մայրաքաղաք Երեւանում, ուր այժմ հայտարարված է արտակարգ իրավիճակ:
Գերագույն հանձնակատարը հատկապես մտահոգված է այն տեղեկություններով, որ խաղաղ ցուցարարների հանդեպ ուժ է գործադրվել եւ ընդդիմադիր ցուցարարները ձերբակալվել են: Նա իշխանություններին կոչ է արել ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն եւ երաշխավորել, որ համապատասխան գործընթաց կհետեւի ցանկացած ձերբակալության դեպքում:
Գերագույն հանձնակատարը հիշեցնում է, որ Հայաստանը Քաղաքացիական ու քաղաքական իրավունքի միջազգային դաշնագրի անդամ է, համաձայն որի, նույնիսկ արտակարգ իրավիճակների ժամանակ այնպիսի հիմնարար իրավունքները, ինչպիսիք են կյանքի իրավունքը եւ կտտանքների ու դաժան, անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելումը, չպետք է անտեսվեն: Իրավունքների ցանկացած սահմանափակում պետք է լինի չափավոր եւ կարող է կիրառվել միայն հանգամանքներով արդարացված ծավալով եւ տեւողությամբ:
