NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Եվրոպայում մտահոգված են
«Ես շատ մտահոգված եմ Երեւանում տեղի ունեցող վերջին զարգացումներով եւ արտակարգ իրավիճակի հայտարարմամբ: Ես ցնցված եմ, տեղեկանալով առնվազն 8 զոհերի մասին: Հորդորում եմ իշխանություններին հետաքննել մահվան բոլոր դեպքերը եւ ուժի կիրառման չարաշահման վերաբերյալ մեղադրանքները: Ակնհայտ է, որ հետաքննությունը պետք է կենտրոնանա հանցագործությունների կատարողներին հայտնաբերելու վրա եւ ոչ թե օգտագործվի քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու համար», - ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը:
«Իշխանությունները եւ ընդդիմությունը պետք է անեն ամեն ինչ հետագա բռնությունը կանխելու համար: Հուսով եմ, որ արտակարգ իրադրությունը կվերացվի շատ շուտով: Մինչ այդ հորդորում եմ իշխանություններին քննարկել սահմանված սահմանափակումների արդարացվածության հարցը, հատկապես զանգվածային լրատվության, քաղաքական կուսակցությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների դեպքում: Այս սահմանափակումները խոչընդոտում են քաղաքական երկխոսությանը, որը ներկա իրավիճակում քաղաքական լուծում գտնելու միակ ճանապարհն է։ Արտակարգ իրավիճակը սահմանափակում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող մի շարք իրավունքների եւ ազատությունների իրագործումը: Կոնվենցիայի թիվ 15 հոդվածի համաձայն՝ Հայաստանի կառավարությունը պետք է տեղեկացնի ինձ իր ձեռնարկած միջոցների եւ դրանց հիմնավորվածության մասին: Ակնկալում եմ, որ դա կարվի առանց հապաղելու», - կարծիք է հայտնել Թերրի Դեւիսը:
Իսկ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Մարիա դե Պուիգը ասել է, «Կոչ եմ անում բոլոր կողմերին իրենց ուժերի ներածի չափով անել ամեն ինչ հետագայում բռնությունը կանխելու համար: Խորապես ցավում եմ, որ զոհերի եւ վիրավորներ կան: Իշխանությունները պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն եւ հարգեն համարժեքության սկզբունքը: Հայտարարված արտակարգ իրադրությունը ծայրահեղ միջոց է եւ պետք է վերացվի հնարավորինս շուտ՝ խաղաղ ցուցարարների շրջափակումը եւ լրատվամիջոցների սահմանափակումը իսկական ժողովրդավարների լավագույն պատասխանը չէ այլախոհ հայացքներին։ Ինչ անհամաձայնություններ էլ գոյություն ունենան ընտրությունների արդարության շուրջ, դրանք պետք է հարթվեն ընտրական գանգատարկման գործընթացի եւ Սահմանադրական դատարանի, այլ ոչ թե փողոցային բախումների միջոցով: Բանակցելը, այլ ոչ թե կրակելն է առաջ տանող ճանապարհը»:
«Հորդորում եմ Հայաստանի կառավարությանը վերացնել մարտի 1-ին հայտարարված արտակարգ իրադրությունը։ Ես նաեւ կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին վերացնել նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը եւ ազատ արձակել բոլոր քաղաքացիներին, որոնք ձերբակալվել են խաղաղ հավաքներ կազմակերպելու իրենց իրավունքը իրականացնելու համար», - հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները:
