ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները նաեւ քննադատում են

Անցած տարվա ընթացքում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը դիտորդական առաքելություն է իրականացրել ԱՊՀ-ի մի շարք երկրներում: Բացառությամբ երկու դեպքի, դիտորդները, չնայած իրենց արձանագրած էական եւ ոչ այնքան էական խախտումներին, ընտրությունները, հիմնականում, բնութագրել են որպես մեկ քայլ առաջ` ժողովրդավարության ճանապարհին:

«Միջազգային դիտորդների այդ, ինչպես նաեւ Հայաստանում տեղի ունեցած վերջին ընտրությունների մասին զեկույցները խորացրին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության նկատմամբ քաղաքացիական հասարակության պաշտպանների անվստահությունը։ Մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում եւ Վրաստանում, ընդդիմությունը պնդում է, թե առաքելությունը ընտրակեղծիքների մասին բարձրաձայն խոսելու բավարար համարձակություն չունի եւ դրանով իսկ աջակցում է բռնապետական կամ կիսաբռնապետական վարչախմբերին», - ասել է «Ազատություն» ռադիոկայանի Վիեննայի թղթակից, վերլուծաբան Ժան-Քրիստոֆ Պյոշը:

«Իրականում խնդիրն այն է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության մասին շատերը թյուր պատկերացում ունեն: Այս գրասենյակի դիտորդները տեխնիկական բնույթի արհեստավարժ մասնագետներ են, որոնք իրենց առաքելությունն իրականացնում են ոչ թե այս կամ այն երկրին գովաբանելու կամ քննադատելու նպատակով, այլ օգնում են կառավարություններին բարելավել իրենց ընտրական գործընթացները եւ ընտրական մթնոլորտը: Նրանք երբեք քաղաքական գնահատական չեն տալիս, չեն հայտարարում, թե, ասենք, այս ընտրությունները արդար ու ազատ էին կամ այդպիսին չէին: Շատերն են ԺՀՄԻԳ-ի առաքելությունից նման գնահատական ակնկալում, բայց դիտորդները պնդում են, թե իրենք քաղաքական գործիչներ չեն եւ քաղաքական գնահատականներ չեն տալիս», - ընդգծել է վերլուծաբանը:

«Մենք դիտորդներ ենք, մենք չենք մասնակցում քաղաքական գործընթացներին», - ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի վերջին նստաշրջանում հայտարարել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության ղեկավար Քրիստիան Շտրոհալը:

Ժան-Քրիստոֆ Պյոշը, շատ կարեւոր համարելով Շտրոհալի դիտարկումը, ընդգծել է, որ «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունը երբեք հրապարակային քննադատություններ չի հնչեցնում այս կամ այն երկրի կառավարության հասցեին. դա, այսպես ասած, նրանց ունեցած մանդատի, նրանց իրականացրած առաքելության մաս չի կազմում»:

«Բայց դա չի նշանակում, թե մասնավոր զրույցներում դիտորդները կառավարության գործունեությունը չեն քննադատում», - շեշտել է վերլուծաբանը: