NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Օմբուդսմենը դիմել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նակամով դիմել է ՀՀ Ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանին։
«2008թ. փետրվարի 28-ին, ՀՀ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Ստյոպա Սաֆարյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Սեդա Մելիքյանն ու Լալա Ասլիկյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված հանցագործության մասին հաղորդմամբ հայտնել են, որ 2008թ. փետրվարի 27-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հերթապահ մասում նրանց նկատմամբ կատարվել են բռնություններ, Զ. Փոստանջյանին քարշ տալով գցել են գետնին, խլել են "Ազատություն" ռադիոկայանի լրագրողի միկրոֆոնը, դրսևորել անհարգալից վերաբերմունք ինչպես ԱԺ պատգամավորների, այնպես էլ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների նկատմամբ:
Բացի այդ, ըստ դիմումատուների, ԱԺ պատգամավոր Ս. Սաֆարյանը ցանկացել է այս ամենի մասին, հայտարարություն ներկայացնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնին, սակայն բաժնի հերթապահ մասում հրաժարվել են այն ընդունել:
Ելնելով «Մարդու իրավունքների Պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով Պաշտպանին վերապահված լիազորություններից Արմեն Հարությունյանը դիմել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին առաջարկելով ստուգել դիմումում նշված փաստերը և դրանց վերաբերյալ տալ իր պարզաբանումները հնարավորինս սեղմ ժամկետներում»:
Մյուս նամակով, Արմեն Հարությունյանը անդրադարձել է լրագրողի հանդեպ բռնությանը։
«Ս.թ-ի փետրվարի 29-ին ԶԼՄ-ների հրապարակումներից պարզվել է, որ Ազատության հրապարակում երկու բարձրատիճան ոստիկան հարձակվել են «Առավոտ» և «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վրա և խոչընդոտել նրա աշխատանքին: Այդ ընթացքում ոստիկաններից մեկը փորձել է խլել Գ. Շամշյանի ֆոտոխցիկը, իսկ այնուհետև հարձակվել է նրա վրա և պատռել վերջինիս բաճկոնը:
Մեկ այլ հաղորդմամբ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ավանի բաժանմունք բերման են ենթարկվել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանն ու նրա որդին` «Հայք» օրաթերթի թղթակից Արտակ Եղիազարյանը: Վերջինից պահանջել են որպեսզի ինքը չմասնակցի «չարտոնված» հանրահավաքներին:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Մարդու իրավունքների Պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով Պաշտպանին վերապահված լիազորություններից, Արմեն Հարությունյանը դիմել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին առաջարկելով հանձնարարել ստուգել դիմումում նշված փաստերը և հայտնել, արդյոք նշված փաստերի կապակցությամբ ներկայումս նախապատրաստվում են նյութեր, և արդյունքների մասին հնարավորինս սեղմ ժամկետում հայտնել նաև իրեն, միաժամանակ խնդրելով` որպեսզի այն պահվի վարչության պետի անմիջական հսկողության տակ»:
