NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բռնություն ոստիկանությունում ու նաեւ պատգամավորների նկատմամբ
Երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել ոստիկանության Կենտրոնի բաժնում, որտեղ բերման էին ենթարկվել երկու երիտասարդներ: Երբ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Ստեփան Սաֆարյանը ժամանել են ոստիկանության շենք` փորձելով պարզել երիտասարդներին բերման ենթարկելու պատճառները, քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք քաշքշել են նրանց եւ ուժով դուրս բերել շենքից, ինչպես նաեւ խլել են այդ պահին ձայնագրություն կատարող «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի միկրոֆոնը, իսկ հետո այն դուրս նետել պատուհանից:
Ոստիկանության աշխատակիցները փորձում էին խոչընդոտել պատգամավորների, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների աշխատանքը, իսկ վերջիններիս հարցերը սովորաբար անպատասխան էին մնում իրավապահների կողմից:
Իրավապահները լռում էին, երբ պատգամավորները եւ թղթակիցները փորձում էին պարզել, թե ովքե՞ր էին ազատ ելումուտ անող շուրջ մեկ տասնյակ երիտասարդները, ովքեր ոստիկանական համազգեստ չէին կրում եւ ովքեր նույնպես խուսափում էին իրենց ուղղված հարցերին պատասխանելուց:
Ոստիկանները չեն միջամտել նաեւ, երբ այդ երիտասարդներից մի քանիսը ուժ կիրառելով ոստիկանության բաժնի սրահից դուրս են բերել պատգամավորներին եւ նրանց ուղեկցողներին:
Պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հայտարարել է, որ իրենք զրուցել են բերման ենթարկված երիտասարդների հետ, ովքեր հայտնել են, որ իրենց ծեծի են ենթարկել. - «Սկզբում տեսանք երիտասարդներին, հետո նրանք մեզ պատմեցին միջանցքում, որ բերման ենթարկելու ընթացքում իրենց նկատմամբ ուժ է գործադրվել, որից հետո եկավ ոստիկանապետ Մեհրաբյանը: Ես պահանջեցի, որ մեզ գրավոր ձեւով տեղեկացնեն, թե ինչ հիմքերով են բերման ենթարկվել երիտասարդները ոստիկանության բաժանմունք»:
Միջադեպից քիչ անց քաղաքացիական հագուստով երիտասարդները արագ հեռացան ոստիկանական բաժանմունքից, իսկ շուրջ 30 րոպե անց բերման ենթարկված երիտասարդները ազատ արձակվեցին:
