NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Երկու ոստիկան ծեծել են մեկ լրագրողի
Փետրվարի 28-ին Ազատության հրապարակում ոստիկանները հարձակվել են «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վրա եւ խոչընդոտել նրա աշխատանքը: Ըստ Շամշյանի, իր վրա հարձակվողն ու նրան սեռական բնույթի հայհոյանք տվողը ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Պետրոսյան էր, որը հայտնի է լրագրողների վրա բազմաթիվ հարձակումններ գործելով: Ի դեպ, նա էր մի քանի ամիս առաջ հարվածել «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի գլխին:
Արա Պետրոսյանը հարձակվել է լրագրողի վրա դժգոհելով, թե Շամշյանը իր լուսանկարներում միշտ անհաջող պահեր է որսում: «Ասում Է` սպասում ես դեմքներս ծամածռվի, ձեռքներս հետեւներիս տանենք, որ նկարես»,-հարձակումից հետո պատմել է Գագիկ Շամշյանը: Արայիկ Պետրոսյանը իր խոսքն ավարտել է հայհոյանքով, իսկ Շամշյանից համապատասխան պատասխան ստանալուց հետո հարձակվել է նրա վրա, պատռել նրա բաճկոնը, վնասել դեմքը եւ փորձել ձեռքից խլել ֆոտոխցիկը, ինչը նրան չի հաջողվել: Փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանին է միացել նաեւ մեկ այլ ոստիկան` գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը:
«Մելքոնյանի մականունը Բազազ է: Ոստիկանի պատիվը արատավորելու համար նա 1996թ.-ին հեռացվել է համակարգից : Այդ մասին ժամանակին հայտնեց նաեւ «02» շաբաթաթերթը եւ համանուն հաղորդաշարը: Նա այդ ժամանակ Մաշտոցի շրջանի ոստիկանության պետի տեղակալն էր եւ գումար էր տվել, որ իրեն պետ նշանակեին: Այդ մասին մի կին հայտնեց, որ Մելքոնյանը իրեն փող է տվել, որ միջնորդի եւ բարեխոսի նրան ոստիկանապետ նշանակելու համար»,-հիշում եւ հիշեցնում է Գագիկ Շամշյանը: Լրագրողը նաեւ տեղեկացրեց, որ հոդված է գրել, թե ինչպես գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը համակարգից հեռացվելուց հետո զբաղվել է այլուրի բիզնեսով: Գագիկ Շամշյանը տեղի ունցածի մասին ահազանգել է ոստիկանության կենտրոնի բաժնի հերթապահ ծառայություն: Նրա ահազանգը գրանցել է հերթապահ Հակոբյանը:
