NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ասպարեզ ակումբ. «ԶԳՈՒՇԱՑԵՔ ԿԵՂԾ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻՑ»
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հայտարարությունը, որ կոչուի Իներորդ պատվիրանը` սուտ մարգարեների համար
Փետրվարի 25-ին ժամը 15:18-ին, Գյումրու թատերական հրապարակում հանրահավաքի եկած եւ բերված մի քանի հազար մարդու առաջ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ասաց.
«... Մեր քաղաքում մի երկու քաղմաս է մնացել, որ ժողովուրդը զզվում է, դա «Գալա քաղմասն է», մեկ էլ «Ասպարեզ քաղմասը», որ գիշեր-ցերեկ գովերգում են սազերն առած` Լեւոն Տեր-Պետրոսյանին`ՀՀՇ-ի գումարներով, վերջապես, մի քիչ թող նրանք էլ զգաստանան: ... »:
Ժուռնալիստները «Ասպարեզ» ակումբը, իր հիմնական բանուգործը թողած, ստիպված է հայտարարել հետեւյալը.
Ընդհանրապես քաղմասներից (ենթադրաբար` ոստիկանության) Վարդան Ղուկասյանի զզվանքն ու ատելությունը հասկանում ենք, պատճառներ ունի մարդը, բան չի մնացել առանց քաղմաս Հայաստան ունենալու ճամփին:
Որ, իր կարծիքով մեր քաղաքում ընդամենը երկու քաղմաս է մնացել, դա էլ ենք հասկանում. քվեարկության օրը եւ նախորդ օրը` ԳԱԼԱ ՀԸ-ն եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը իրավապահների գործի մի մասն էին կատարում` նրանց ու դատախազության փոխարեն, որովհետեւ ընտրակաշառքի զանգվածային բաշխման, ընտրակեղծիքների եւ այլ ընտրախախտումների մասին փաստերի հավաքումը լրագրողների պարտքն է այնպես, ինչպես` իրավապահների. գուցե շփոթել է մարդը:
Կարծում ենք, որ Վ.Ղուկասյանը օրհասական կարիք ունի ինչ-որ բացատրություն գտնելու, թե ինչու Ս.Սարգսյանը ՀՀԿ խորհրդի անդամ հանդիսացող քաղաքապետով եւ իրեն պատվավոր քաղաքացու կոչում տված Գյումրի քաղաքում, չնայած համատարած ընտրակաշառքին, զանգվածային ընտրակեղծիքներին եւ այլ օրինախախտումներին, հազիվ 38 տոկոս է ստացել. մարդը «մեղքը» հո գյումրեցիների արժանապատվության վրա չէր գցելու:
Այժմ, տպավորություն է ստեղծվում, թե մարդը մոռացել է, որ ինքն է առաջինը դատական գործ նախաձեռնել իր համար այդպես զզվելի հեռուստատեսության դեմ, անտեսելով խնդիրների հարթման բանակցային միջոցները: Անցած 3 ամիսներին առնվազն 2 անգամ քաղաքապետին հիշեցրել ենք խաղաղության համադարմանը: Չի օգնել: Կասկած ունենք, որ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նկատմամբ քաղաքապետի զզվանքը ծնվեց այն պահին, երբ ակումբ սկսեց իր կարեցածի չափով պաշտպանել ռեժիմի թիրախ դարձած հեռուստաընկերությունը: Այդ զզվանքը մեզ պատիվ է բերում: Մենք գիտենք, որ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը վարկաբեկելու բոլոր փորձերը արժանանում են 1000 դրամով` դրոշ ու 5000 դրամով` պաստառ բռնողների հիացմունքին ու հանրության արհամարհանքին:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը իր գործունեության 8 տարվա եւ 37 օրերի ընթացքում ֆինանսավորվել է միայն հիմնադիրների անձնական միջոցներից, ԱՄՆ ՄԶԳ միջոցներից, ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովից, Եվրասիա հիմնադրամից, Քաունթերփարթ ինթերնեյշնլից, Համաշխարհային ուսուցում կազմակերպությունից, Բաց հասարակուևթյան ինստիտուտի օժանդակության հիմնադրամից, Համաշխարհային բանկից, Ալեքսանդրիա-Գյումրի քույր քաղաքների կոմիտեից: Այս ամենը արտացոլված է համապատասխան փաստաթղթերում, իսկ ակումբը այդ մասին պարբերաբար հաղորդագրություններ է տարածել հանրության համար: Այդ փաստաթղթերը բաց են ցանկացած գրաճանաչ մարդու առաջ: Ակումբը երբեք չի ֆինանսավորվել քաղաքական ուժերից (հոսանքներից, կուսակցություն-ներից, գործիչներից): Ակումբը մի քանի անգամ մերժել է նաեւ քաղաքապետի` ակումբին օգնելու բանավոր առաջարկները:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբից որեւէ մեկը անձնական թշնամանք չունի եւ չի ունեցել Վ.Ղուկասյանի նկատմամբ, մենք մեզ համարել ենք բոլոր նրանց գործընկերը ու բարեկամը, ով մեր քաղաքին, խոսքի ազատությանը օգտակար է եղել, կամ օգտակարություն է հայտարարել:
Մեզ համար անընդունելի, վիրավորական ու մտահոգիչ են Վ.Ղուկասյանի` արտաբերած վերոհիշյալ նախադասության այն երկու վերջին հատվածները, որոնցով նա (1) հանրությանը վստահաբար տեղեկացնում է, թե Ասպարեզը ՀՀՇ գումարներով գովերգում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ ապա` «...վերջապես, մի քիչ թող նրանք էլ զգաստանան» արտահայտությամբ հավաքված բազմությանը որոշակի ուղերձ է հասցնում (2):
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը համարում է, որ այդ արտահայտություններից մեկով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը զրպարտել է Ակումբին, վիրավորել է մեզ, իսկ մյուսով` մի քանի հազար մարդու ներկայությամբ սպառնալիք է հղել:
Այս հայտարարության պատճենները, որպես անհրաժեշտ իրազեկում, պատվիրված նամակով փետրվարի 26-ին ուղարկվելու են ՀՀ Գլխավոր դատախազին եւ Դատախազության Շիրակի մարզային ստորաբաժանմանը:
Միաժամանակ հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը այն հանգամանքների վրա, որ անցյալ տարիներին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը եւ խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը մի քանի հեռախոսային սպառնալիքներ են ստացել, իսկ վերջերս` հունվարի 18-19-ի գիշերը անհայտ անձինք հրդեհել են ակումբի գրասենյակի պատուհանը: Հրդեհը, բարեբախտաբար հանգել էր ինքնուրույն:
Չնչին հույս ունենք, որ Վ.Ղուկասյանը, մինչեւ քրեական գործի հարուցումը ժամանակ կգտնի, կվերլուծի իր խոսքը ու հրապարակայնորեն մեր ներողամտու-թյունը կհայցի սեփական ելույթում տեղ գտած վերոհիշյալ նախադասության համար: Հակառակ դեպքում, վստահ ենք, որ նա կկարողանա արժանապատվությամբ պատասխանատվություն կրել մեր հասցեին նետած վիրավորանքի եւ զրպարտության համար: Մենք կօգնենք:
Մինչ այդ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը դադարեցնում է ցանկացած տեսակի շփում քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա ներկայացուցիչների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջինս իր խոսքի ազատության իրավունքի պաշտպանության համար կկամենա օգտվել ակումբի հնարավորություններից` մամլո ասուլիս հրավիրել ակումբում, հանրային իրազեկում իրականացնել ակումբի միջոցներով եւ այլն:
«...Բարի չէ ոչ ոք, այլ միայն` Աստուած: .... սուտ մի վկայիր ... »:
Ավետարան ըստ Մարկոսի 19, 18-19:
