NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Պարզաբանում է ՀՀ գլխավոր դատախազությունը
Հաշվի առնելով, որ վերջին օրերին տարբեր անձանց եւ ուժերի կողմից բավական շատ է շահարկվում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության փաստի առթիվ հարուցված քրեական գործը, դրանից առանձին մաս անջատված վարույթը կարճելու մասին որոշումը՝ ստորեւ ներկայացնում ենք որոշ մանրամասներ նշված քրեական գործի քննության ընթացքի մասին, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղարը։ Ըստ նրանից ստացված հաղորդագրության, Գագիկ Ջհանգիրյանը կողմնակից է եղել «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործից անջատված մասի վարույթը կարճելուն։ Հաղորդագրության մեջ ասվում է։
«Թեեւ Նաիրի Հունանյանը ցուցմունքներ էր տվել, որ հանցագործության միակ կազմակերպիչը և ղեկավարը հանդիսացել է ինքը, իրենից ու խմբում ընդգրկված անձանցից՝ Կարեն Հունանյանից, էդուարդ Գրիգորյանից, Վռամ Գալստյանից, Դերենիկ Բեջանյանից, Աշոտ Կնյազյանից և Համլետ Ստեփանյանից բացի այլ անձինք հանցագործությանը մասնակցություն կամ հանցակցություն չեն ունեցել, այնուհանդերձ քրեական գործից 2000թ. հուլիսի 11-ին կայացված որոշմամբ անջատվել էր առանձին վարույթ՝ հանցագործության հնարավոր կազմակերպիչների, մասնակիցների, օժանդակողների հայտնաբերելու համար։
Անջատված մասով քրեական գործի նախաքննությունը 2 տարի 9 ամիս իրականացվել է զինվորական դատախազությունում՝ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի անմիջական ղեկավարությամբ, իսկ 2003թ. մարտի 14-ից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանի հանձնարարությամբ, ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում։
Կատարվել են հնարավոր բոլոր անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունները՝ 172 հարցաքննություն, բազմաթիվ առերեսումներ, զննություններ, առգրավումներ, նշանակվել են փորձաքննություններ։ Պահանջվել և ուսումնասիրվել են բազմաքանակ փաստաթղթեր։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ ՀՀ ոստիկանությանը, ազգային անվտանգության ծառայությանը, զինվորական ոստիկանությանը, ինչպես նաև հետաքննության այլ մարմիններին տրվել է 46 հանձնարարություն։ Նախաքննության ընթացքում քննչական խմբի անդամներ են գործուղվել Վրաստանի Հանրապետության Բաթում և Ուկրաինայի Հանրապետության Եվպատորիա քաղաքներ, որտեղ նույնպես կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ։
Քննարկվել են տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները: Նրանց կողմից ներկայացված 21 միջնորդությունից մերժվել՝ 9-ը, որոնցից 5-ը վերաբերել է նույն հարցին ՝ տեսաերիզների փորձաքննության նշանակմանը, որն ի վերջո բավարարվել է, 2-ը ՝ դատարան ուղարկված քրեական գործով կայացված որոշումների վերացմանը, 1-ական՝ նույն գործով ամբաստանյալի առողջական վիճակի և քրեական գործից անջատված մասով հարցաքննված անձանց վերաբերյալ տվյալներ ներկայացնելուն։
Անջատված մասի նախաքննության ժամկետը երկարացվել է 25 անգամ, սակայն բացի դատապարտված անձանցից, հանցագործության այլ մասնակիցներ, կացմակերպիչներ, կատարողներ, դրդիչներ և օժանդակողներ չեն հայտնաբերվել։
Ուստի 2004թ. նոյեմբերի 11-ին կայացված պատճառաբանված որոշմամբ անջատված մասով քրեական գործի վարույթը կարճվել է։ Մինչ կարճելու մասին որոշում կայացնելը նախաքննության արդյունքները քննարկվել են ՀՀ դատախազության 2004 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած կոլեգիայի նիստում, որին հրավիրվել եւ մասնակցել են «Հոկտեմբերի 27-ի» քրեական գործի եւ դրանից անջատված մասի նախաքննության մեջ ներգրավված բոլոր քննիչները, օպերատիվ աշխատողները, նրանց թվում՝ զինվորական դատախազության քննիչները եւ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ կոլեգիայի անդամի կարգավիճակով:
Քննարկման ժամանակ ելույթ է ունեցել նաեւ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը եւ ընդգծել քրեական գործի վարույթը կարճելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ իրականում «Հոկտեմբերի 27-ի» քրեական գործից մաս անջատելու 2000 թվականի հուլիսի 11-ի որոշումը եղել է անօրինական՝ թելադրված քաղաքական իրավիճակով: Ըստ նրա՝ 2000 թվականի հուլիսին 11-ի որոշումը նպատակ է ունեցել հանդարտեցնել քաղաքական լարվածությունը, որին, ի պատասխան, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, կոլեգիայի անդամ Գ.Դանիելյանը նկատել է, որ այդ որոշումը ճիշտ հակառակ ազդեցությունն է ունեցել եւ քաղաքական լարվածությունն ավելի է սրել: Կոլեգիայի արձանագրությունը եւ բոլոր նյութերը պահպանվում են:
Կոլեգիան 09.11.04թ. ընդունված միաձայն որոշմամբ համաձայնել էր, որ անջատված մասով կատարվել են անհրաժեշտ բոլոր քննչական, օպերատիվ-որոնողական գործողությունները, քննարկվել, հետազոտվել եւ գնահատվել են հավանական վարկածների կապակցությամբ հավաքված բոլոր ապացույցները, հանգամանքներն ու փաստերը, որի արդյունքում բացի դատապարտված անձանցից հանցագործության այլ մասնակիցներ՝ կազմակերպիչներ, կատարողներ, դրդիչներ եւ օժանդակողներ չեն հայտնաբերվել:
Առնվազն տարօրինակ է, որ անջատված մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումից 3 տարի հետո միայն Գագիկ Ջհանգիրյանը բողոքում է այդ որոշման դեմ, որի օրինականության հարցը անցած տարիներին ոչ միայն Գ.Ջհանգիրյանը, այլ ընդհանրապես ոչ ոք, այդ թվում տուժողներն եւ նրանց իրավահաջորդները չեն վիճարկել, որոշումը չեն բողոքարկել»:
ՀՀ գլխավոր դատախազի
մամուլի քարտուղար
Սոնա Տռուզյան
