Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է դիմել ՍԴ, իսկ նրա կողմակիցներին ձերբակալում են

Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրական շտաբի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարել է, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքը Սահմանադրական դատարանում վիճարկելու քաղաքական որոշում արդեն կայացվել է եւ այդ մասին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է փետրվարի 24-ի հանրահավաքի ժամանակ։

Նախագահի թեկնածուներ Արտաշես Գեղամյանը եւ Տիգրան Կարապետյանը իրենց դիրքորոշումը կհայտնեն երկուշաբթի օրը: Արթուր Բաղդասարյանը ՍԴ դիմել–չդիմելու մասին կհայտարարի երեքշաբթի օրը՝ փետրվարի 26-ին։

Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբում կարծում են, որ ընտրական հանձնաժողովների անդամներ չունենալու պարագայում Սահմանադրական դատարան դիմելը իրավական տեսակետից անիմաստ է: Իրենց վստահված անձանց արձանագրած խախտումները փոխանցել են նաեւ միջազգային դիտորդներին, իսկ տեղամասերից դուրս տեղի ունեցած խախտումներն էլ արդեն իրենց թույլ են տալիս հայտարարել, որ Հայաստանում կրկին անգամ ընտրություններ տեղի չունեցան:

Թեկնածուներ Արման Մելիքյանը եւ Արամ Հարությունյանը չեն պատրաստվում ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում:

Իսկ ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը, Փետրվարի 23-ին ՀՀ ոստիկանություն բերման ենթարկված ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալված է: Ձերբակալված է նաև փետրվարի 24-ին ոստիկանություն բերման ենթարկված ՀՀ պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը։
Ջհանգիրյանին և Այվազյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցիչների հանդեպ բռնության կիրառում)։

ԶԼՄ–ների տարածած տեղեկությունների համաձայն, ձերբակալվել է Ժողովրդավարական հայրենիք կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը: Հիշեցնենք, որ այսօր գիշեր խուզարկություն է կատարվել նրա տանը, եւ տարել են Պետրոս Մակեյանի անձնական արխիվից վերջինիս հրապարակային ելույթներն ու մամուլում տպագրված հարցազրույցները: Ձերբակալվել է նաեւ Լեւոն ՏերՊետրոսյանի Շիրակի շտաբի պետ Աշոտ Զաքարյանը։
Նկատենք, որ այս բոլոր քաղաքացիները նախագահի թեկնածու Լեւոն Տեր–Պետրոսյանի կողմակիցներն են։ Այս պահի դրությամբ նախընտրական եւ հետընտրական ժամանակաշրջանում Լեւոն Տեր–Պետրոսյանի ազատազրկված կողմակիցների քանակը անցնում է 10–ից։