NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Լեվոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի հայտարարությունը
2008 թվականի նախագահական ընտրությունների քվեարկությունը եւ արդյունքների նախնական ամփոփումը զուգակցվեցին համատարած եւ լկտի ապօրինություններով։ Իշխանությունը, փաստորեն, գործի դրեց կեղծիքների, ապօրինությունների ողջ զինանոցը։ ՀՀ քաղաքացիները ենթարկվեցին խայտառակ ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունների։ Գրանցվեցին ԱԺ պատգամավորների, լրագրողների, վստահված անձանց, դիտորդների ծեծի, առեւանգումների, ահաբեկումների բազմաթիվ դեպքեր, որոնք իրավապահ մարմինների կողմից պատշաճ ուշադրության չարժանացան։
Քվեարկության ընթացքում տեղի ունեցան բացահայտ լցոնումներ, բոլոր ժամկետային զինվորական ծառայողներին եւ գյուղական բազմաթիվ վայրերի բնակիչների պարտադրեցին իրականացնել բաց եւ իշխանության ներկայացուցիչնեռի կողմից վերահսկելի քվեարկություն։ Բացի դա, հանրությանը ներկայացվեց քվեարկության մասնակիցների ակնհայտորեն ուռճացված թիվ։
Հիմնական կեղծիքները, սակայն, իրականացվեցին ձայների հաշվարկման ընթացքում. այս գործընթացը տեղի ունեցավ ընտրական տեղամասերի հոսանքազրկումների, վստահված անձանց ահաբեկումների, Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկված քվեաթերթիկների անվավեր ճանաչման, կամ դրանք իշխանական թեկնածուի օգտին գրանցելու պայմաններում։ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք այս ամենի մասին կազմել են հազարավոր արձանագրություններ, առկա են հազարավոր վկայություններ։
Հաշվի առնելով համատարած կեղծիքներն ու բռնությունները, որոնք ամբողջովին աղավաղել են ժողովրդի կամքի արտահայտումը, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը չի ճանաչում 2008 թ. նախագահական ընտրությունների ԿԸՀ հրապարակած արդյունքները եւ պահանջում է անցկացնել նոր ընտրություններ։
Մենք հայտարարում ենք, որ շարունակելու ենք համաժողովրդական պայքարը՝ հանուն Հայաստանում օրինական իշխանության հաստատման եւ ժողովրդի արժանապատվության վերականգնման։
