NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԵՄ–ը Սերժ Սարգսյանի հետ հույսեր է կապում
Եվրամիությունը հույսեր է կապում ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի ընտրության հետ այն կապակցությամբ, որ կակտիվանան ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը, ասվում է ընդհանուր քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի հայտարարության մեջ:
Սոլանան բավարարված է միջազգային դիտորդական առաքելության կողմից ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքի վերաբերյալ նախնական գնահականներից։ Նա միաժամանակ կոչ է արել իշխանություններին՝ մանրակրկիտ հետաքննել արձանագրված բոլոր խախտումները։
ԵՄ բարձրագույն ներկայացուցիչը ողջունել է նաև ընտրողների բարձր ակտիվությունը։ Եվրամիությունը կողմնակից է Հայաստանի հետ համագործակցության հետագա ամրապնդմանը՝ հարևանության եվրոպական քաղաքականության հիման վրա, ասվում է Սոլանայի հայտարարության մեջ:
Խավիեր Սոլանան ակնկալում է, որ բոլոր քաղաքական ուժերը ընտրություններից հետո կորդեգրեն պատասխանատու գործելաոճ. «Բոլոր դժգոհությունները պետք է մանրակրկիտ հետաքննվեն եւ պետք է անդրադարձ կատարվի ընտրությունների արդյունքում արձանագրված բոլոր խախտումներին: Ցանկացած հակասություն պետք է լուծվի երկխոսության միջոցով: Եվրամիությունը հավատարիմ կմնա Հայաստանի հետ հետագա համագործակցության ամրապնդմանը` հիմնվելով Եվրոպական հարեւանության քաղաքականության վրա։ Հայաստանի նոր նախագահի ընտրությունները նաեւ հարեւանների հետ հարաբերությունների բարելավման քայլեր ձեռնարկելու հնարավորություն են: Դա ներառում է ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերի վերսկսումը: Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին եւ անհրաժեշտ օժանդակություն կցուցաբերի հակամարտության կարգավորման գործընթացին»:
Ի դեպ, Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան նաեւ շնորհավորել է հայ ժողովրդին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների կապակցությամբ. «Ես ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին` փետրվարի 19-ին մրցակցային նախագահական ընտրություններ անցկացնելու եւ մասնակցության բարձր աստիճանի համար: Գոհունակությունս եմ հայտնում նաեւ դիտորդների միջազգային առաքելության կողմից Հայաստանի նախագահական ընտրությունների ընթացքին տրված նախնական գնահատականի կապակցությամբ, որոնց կարծիքով` ընտրությունները համապատասխանել են ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի պարտավորություններին եւ չափանիշներին»
