ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը

«Հայ ժողովուրդն ընտրել է իր երկրի խաղաղ և տնտեսապես ուժեղ ապագան։ Ես հպարտ եմ ստանալու համար մեր քաղաքացիների վստահությունը` շարունակելու երկիրը տնտեսական և սոցիալական զարգացման ուղով առաջ տանելու մեր ջանքերը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին: Սակայն ինչպես ես հայտարարել եմ դեռևս ընտրություններից առաջ, ես պատրաստվում եմ լինել Հայաստանի բոլոր քաղաքացիների նախագահը:

Այսօր վստահաբար բոլորս կարող ենք տոնել ժողովրդավարության հաղթանակը, իսկ վաղը պետք է սկսենք նոր աշխատանք, որը կերաշխավորի Հայաստանում յուրաքանչյուրի առաջընթացը՝ ամուր հիմք դառնալով նրանց համար հպարտորեն ասելու` «Առաջ Հայաստան»։ Ես ուրախ եմ, որ մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ստանում եմ մեր ժողովրդի բացահայտ աջակցությունը, որը կօգնի ինձ նաև առկա արտաքին մարտահրավերների պարագայում` ավելի վստահ իրականացնելու մեր երկրի արտաքին քաղաքականությունը։

Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ընդդիմադիր որոշ ուժեր փորձում են իրենց դժգոհությունն արտահայտել՝ բռնություններ հրահրելու միջոցով:

Մեր երկրում յուրաքանչյուրն ազատ խոսքի, սեփական կարծիքն արտահայտելու իրավունք ունի, սակայն անկարգությունները, անկայունության և բռնությունների հրահրումը տեղ չունեն ժողովրդավարական երկրում։ Իրավապահ մարմինները կմիջամտեն միայն անհրաժեշտության դեպքում` վերականգնելու համար կարգուկանոնը»: