ՀՀ գլխավոր դատախազի հայտարարությունը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր հանդես է եկել ՀՀ նախագահի ընտրության վերաբերյալ հայտարարությամբ:

«Փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ Նախագահի ընտրությունները կարևոր իրադարձություն են մեր երկրի և ժողովրդի համար: Ընտրական այս գործընթացում հնարավոր ընտրախախտումները կանխելու, դրանց օպերատիվ արձագանքելու նպատակով, իմ հրամանով, դատախազությունում ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը հսկողություն է իրականացնում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ:

Անուշադրության չի մատնվել ոչ մի հաղորդում, քննարկման առարկա են դարձել բոլոր ահազանգերը եւ այսուհետ նույնպես այդ աշխատանքները կշարունակվեն:

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ում 18 տարին արդեն լրացել է իրավունք ունի մասնակցելու ընտրությանը եւ ազատ արտահայտելու իր քաղաքական կամքը, որի խոչընդոտումը համարվում է քրեական հանցագործություն:

Ազատազրկման ձեւով քրեական պատասխանատվություն է նախատեսված ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու, ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին խոչընդոտելու, ինչպես նաեւ զինված ընտրական տեղամաս մուտք գործելու համար: Ավելին՝ այս հանցատեսակների համար նախատեսված է պատիժ՝ ազատազրկման ձեւով:

Մեր իրավական համակարգն ունի վճռականություն, կամք եւ ի զորու է պայքարել հնարավոր ընտրախախտումների, ընտրական գործընթացը խաթարելուն ուղղված օրինախախտումների դեմ, պաշտպանել հասարակական կարգն ու երկրի սահմանադրական կարգը: Վստահեցնում եմ՝ ոչ մի օրինախախտ առանց պատասխանատվության չի մնա»: